Գերմանիայում բուժքրոջը կասկածում են 5 նորածին երեխայի սպանության փորձի համար

15:33 • 30.01.20

Գերմանիայի Ուլմի համալսարանական կլինիկայի բուժքրոջը կասկածում են սպանության փորձ կատարելու համար այն բանից հետո, երբ կլինիկայում մորֆինի հետևանքով վաղածին երեխաների մոտ շնչառության հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել, նշվում է Ուլմի դատախազության մամուլի հաղորդագրության մեջ: 

Դատախազության կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ անցած տարվա դեկտեմբերի 20-ին մոտավորապես նույն ժամանակահատվածում հինգ նորածնի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել: Երեխաներն օպերատիվ բուժօգնություն են ստացել բուժանձնակազմի կողմից, որի շնորհիվ վերացվել է նրանց առողջությանը սպառնացող վտանգը:

Սկզբնապես ենթադրվում էր, որ խոսքը վարակի մասին է, սակայն անալիզների պատասխանները ցույց են տվել, որ նորածինները մորֆինի չափաբաժին են ստացել: Կլինիկայի տնօրինությունը դիմել է ոստիկանություն, որից հետո խուզարկության ընթացքում բուժքույրերից մեկի մոտ կաթով ներարկիչ է հայտնաբերվել, որում, ինչպես հետագայում բացահայտվել է, մորֆին է եղել:

Դատախազության տվյալներով՝  բուժքույրը կասկածվում է սպանության փորձ կատարելու հինգ դեպքի համար: