Ուժեղ քամին թեքել է Թրամփի՝ ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին գտնվող նորակառույց պատը (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վիճահարույց սահմանային պատի մի հատվածը թեքվել է ուժեղ քամիների հետևանքով, գրում է theguardian.com-ը՝ ԱՄՆ սահմանային ծառայությանը հղումով:
Պողպատից կառուցված պանելները, որոնք ունեն ավելի քան 9 մետր բարձրություն, սկսել են սուր անկյան տակ թեքվել ուժեղ քամու պատճառով: Դա տեղի է ունեցել ամերիկյան Կալեքսիկո և մեքսիկական Մեխիկալի քաղաքների սահմանին:
Աղբյուրը մանրամասնում է, որ պատի վրա շինարարական աշխատանքներ էին ընթանում, և որ բետոնը դեռևս չէր չորացել, այդ պատճառով էլ պատը թեքվել է քամուց: Մեքսիկական իշխանություններն արագ արձագանքել են և իրենց կողմից ուղղել պատը:
Հիշեցնենք, որ Թրամփը ներգաղթյալների և հանցագործների ներհոսքը նվազեցնելու նպատակով Մեքսիկայի հետ սահմանին ավելի քան 3 000 կմ երկարությամբ պատ է ցանկանում կառուցել, ինչի համար միլիարդավոր դոլարներ են հարկավոր: Սակայն ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվում է ամբողջական գումարը հատկացնել:












