Թուրքիան չի կանգնեցնի դեպի Եվրոպա ձգտող սիրիացի փախստականներին. Reuters

10:51 • 28.02.20

Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել չկանգնեցնել սիրիացի այն փախստականներին, որոնք ձգտում են ծովով կամ ցամաքով տեղափոխվել Եվրոպա: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը` հղում անելով թուրք պաշտոնյայի:

Գործակալության զրուցակցի խոսքով` թուրքական ոստիկանության, առափնյա անվտանգության և սահմանային անցակետերի աշխատակիցներին հրամայվել է Սիրիայից եկող փախստականների ալիքի դեպքում անգործության մատնվել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկ անգամ չէ, որ սպառնացել է Եվրամիությանը բացել դռները դեպի Եվրոպա ձգտող փախստականների առաջ: Անցած տարվա հոկտեմբերին Թուրքիայի նախագահը խոստացել էր դա անել, եթե Բրյուսելը Սիրիայում Անկարայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն անվանի ռազմական: Իսկ նոյեմբերի սկզբին Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան ստիպված կլինի բացել դռները դեպի Եվրոպա սիրիացի փախստականների համար, եթե ԵՄ-ն չօգնի Թուրքիային նրանց վերաբնակեցման հարցում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, երեկ երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ: Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի:

Ավելի վաղ «Россия-24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները: