Կորոնավիրուսով ախտահարված ճապոնացին միտումնավոր խախտել է կարանտինը, որպեսզի վարակի մյուսներին
Կորոնավիրուսով վարակված ճապոնացին միտումնավոր խախտել է տնային կարանտինի ռեժիմը և այցելել Աիտի պրեֆեկտուրայում գտնվող Գամագորի քաղաքի մարդաշատ մի քանի հաստատություններ, ինչից հետո նրա այցելած փաբերից մեկի աշխատակցուհու մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին տեղեկացնում է Կիոդո գործակալությունը:
Քաղաքային իշխանությունները տեղեկացնում են, որ տղամարդը ապրում է ծնողների հետ. ընտանիքում կորոնավիրուսի առկայությունը հաստատվել է մարտի 4-ին: Ենթադրաբար հենց այդ երեկո տղամարդը ծնողներին տեղեկացրել է, որ մտադիր է տարածել վիրուսը և դուրս է եկել քաղաք:
Սկզբից նա բար է գնացել, որտեղ անցկացրել է մոտավորապես 15 րոպե: Դրանից հետո նա այցելել է ֆիլիպինյան փաբ, որտեղ գտնվել է շուրջ 40 րոպե: Փաբում եղած ժամանակ տղամարդը կարաոկե է երգել և գրկախառնվել է այնտեղ աշխատող աղջկա հետ: Տղամարդն աղջկան պատմել է, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Դրանից հետո փաբի ղեկավարությունը ոստիկանություն և շտապօգնություն է կանչել: Դեպքից 4 օր հետո աղջկա ջերմությունը բարձրացել է, նա թեստ է հանձնել և նրա մոտ ևս կորոնավիրուս է ախտորոշվել:
Դեռևս անհայտ է, թե ինչ պատիժ է սպառնում տղամարդուն:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ:










