Իշխանությունը պետության կառավարման լիակատար պատասխանատվության ընկալման խնդիր ունի. վերջինս թե՛ կորոնավիրուսի կանխարգելման, թե՛ կոնկրետ միջոցառումների առումով թերացել է. Վլադիմիր Մարտիրոսյան

16:42 • 15.03.20

Սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությունն ամբողջապես չի ընկալում իր պատասխանատվության չափաբաժինը՝ խնդիրների կառավարման առումով, ինչին շատ խանգարում են իր քաղաքական գերակա օրակարգերը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «սիստեմայի տակից հիվանդը դուրս է եղել և գնացել նշանդրեքի», և քաղաքացիները պետք է ինքնապաշտպանվեն:

«Սա խնդիր է, ինչի մասին բարձրաձայնում ենք վերջին երկու տարվա ընթացքում: Պետության կառավարման լիակատար պատասխանատվության ընկալման առումով այս իշխանությունն ունի խնդիր: Խնդիրների լուծումը պետք է թողնել ոչ թե քաղաքացիների անձնական պատասխանատվության վրա, այլ հասկանալ, թե իշխանությունն ինչպես է կարողանում կազմակերպել իր գործողություններ, որպեսզի դեպքերը բացառվեն, մինչդեռ ունենք իրավավիճակ, երբ ամեն նոր դեպքի ժամանակ մատնացույց է արվում Էջմիածնի կինը: Սա խնդիր է, որն ակնառու է դարձնում, թե որքանով է իշխանությունը ընկալում և պատասխանատվություն կրում իր գործողությունների համար»,-ասաց քաղաքագետը:

Մարտիրոսյանի խոսքով՝ իշխանությունների վերջին մեկ շաբաթվա գործողություները ակնհայտ դարձրին այն հանգամանքը, որ թե՛ կանխարգելման, թե՛ կոնկրետ միջոցառումների ու խնդրի կառավարման առումով իշխանությունը թերացել է:

«Իշխանությունները ամբողջ աշխարհից տարբերվող օրակարգի մեջ էին և պատշաճ կերպով ուշադրություն չէին դարձնում այն խնդիրներին, որոնք շատ արագ կերպով զարգանում էին, մինչդեռ պետությունն այսպիսի իրավիճակներում շատ օպերատիվ և ճկուն կառավարման պետք է անցնի»,-ասաց նա՝ նշելով, թե այս դեպքում անտեղի են դառնում իշխանությունների կողմից ընդդիմադիր շրջանակներին ուղղված այն քննադատությունները, թե վերջիններս խուճապ են տարածում:

«Թեև կարող է ասածս զարմանալի թվալ, բայց ես շնորհակալ եմ մարդկանց, որոնք քիչ թե շատ  խուճապի էլեմենտներ պարունակող հայտարարություններ էին անում, որովհետև դրանք ազդակ հանդիսացան, որ իշխանությունը շատ ավելի լուրջ վերաբերվի խնդրին: Այս կարճ ժամանակահատվածում հասարակությունը շատ ավելի օպերատիվ և շատ ավելի պահանջատեր կոչեր էր անում, քան իշխանությունն ադեկվատ էր ընդունում այն բոլոր մարտահրավերները, որոնք կորոնավիրուսի արագ տարածման հետ մեկտեղ զարգանում էին: Հենց այդ խուճապային և ինչ-որ տեղ ծայրահեղական կոչերն են, որ իշխանություններին սթափեցրին»,-ասաց Մարտիրոսյանը՝ նշելով նաև՝ երբ հանրությունը կոնկրետ վտանգներ էր տեսնում, իշխանությունները փորձում էին թե հանգստացնել, այլ նսեմացնել վտանգավորության աստիճանը, իսկ իշխանության տարբեր ներկայացուցիչներ միմյանց հակասող հայտարարություններ էին անում:

Նշենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 23 դեպք: Վարակվածներից մեկը դպրոցահասակ երեխա է: