Իդլիբում զինյալները սադրանքներ են թույլ տվել ռուս-թուրքական համատեղ պարեկային ջոկատների նկատմամբ

15:16 • 15.03.20

Առաջին ռուս թուրքական համատեղ պարեկային ջոկատների երթուղին կրճատվել է հանցավոր խմբավորումների սադրանքների պատճառով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:

«Սադրանքները իրագործելու համար ահաբեկիչները փորձել էին որպես «կենդանի վահան» օգտագործել տեղի բնակիչներին, այդ թվում` կանանց և երեխաներին: Խուսափելու համար դեպքերից, որոնց պատճառով կարող էին տուժել խաղաղ բնակիչներ, համատեղ ռուս-թուրքական պարեկային հերթապահության համակարգող կենտրոնի կողմից որոշում է ընդունվել կրճատել առաջին պարեկային հերթապահության երթուղին»,-ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

 Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, մարտի 5-ին Մոսկվայում շուրջ 6 ժամ տևած Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքում կողմերին հաջողվել է հասնել համաձայնության Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ: Երկու երկրների միջև ստորագրված հուշագրով, որն, ի դեպ, արդեն իսկ ողջունվել է ԱՄՆ կողմից, ճանաչվել է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, հաստատվել է հավատարմությունը՝ միայն խաղաղ միջոցներով հարցի հանգուցալուծմանը հասնելու, համաձայնություն էր ձեռք բերվել մարտի 5-ի լույս 6-ի կեսգիշերից ողջ շրջանում զինադադարի հաստատման մասին, կողմերը պայմանավորվել են ստեղծել անվտանգության գոտի, որը ձգվելու է Սիրիայի М-4 մայրուղու շուրջ՝ վեց կիլոմետր դեպի հյուսիս և նույնքան էլ՝ դեպի հարավ, մարտի 15-ից սկսել համատեղ պարեկություն Սիրիայի М-4 տարածքի շրջանում։