Կքննարկենք հանրաքվեի չեղարկման և որոշ հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու հարցը. Փաշինյան

22:33 • 15.03.20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ խոսեց նաև ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեն չեղարկելու մասին: Փաշինյանն ասաց, որ ինչպես նախկինում են նշել, որևէ քաղաքական նպատակ չի կարող ավելի բարձր լինել, քան հանրային անվտանգությունը: Նա ասաց, որ առաջիկա օրերին կքննարկեն և որոշում կկայացնեն և եթե տեսնեն իրավիճակը այնպիսին է, որ հանրաքվեն և համաճարակային իրավիճակը հակասում են իրար, որոշում կկայացնեն, բայց այդ որոշումը կլինի հիմնավորված:

«Կառավարությունը կքննարկի որոշ հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու մասին, եթե անհրաժեշտություն լինի: Հիմնական խնդիրը, որը մենք ունենք, ինքնատիրապետումն է, մեզնից յուրաքանչյուրն անելիք ունի այս բարդ իրավիճակում և այդ անելիքն է լինել շրջահայաց, մաքսիմալ զսպված, խուճապային որևէ գործողություն չանել: Այս վիրուսն ավելի քիչ սարսափելի է, քան H1N1 վիրուսը»,- ասաց նա: