ԱԳՆ-ն առաջարկում է արտակարգ դրության պայմաններում փակել նաև օդային տեղաշարժը, մյուս գերատեսչությունները համաձայն չեն, նշում են՝ դրանից երկիրն ավելի շատ կտուժի (տեսանյութ)
Շարունակվում է կառավարության արտահերթ նիստը: Tert.am-ը արդեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարտի 16-ի ժամը 17:00-ից մինչև ապրիլի 14-ը ժամը 9:00-ն հայտարարել է արտակարգ դրություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստում հայտարարեց, որ այս որոշմամբ կառավարությունը կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի կարգավիճակը փոխում է և դարձնում պարետատուն ՀՀ փոխվարչապետ Տիգրանի Ավինյանի գլխավորությամբ:
«Մենք, ըստ էության ՀՀ քաղաքաիցներին արգելում ենք ՀՀ տարածքը լքել կոնկրետ ցամաքային ուղղություններով, նաև արգելում ենք ելքը, իսկ օդային տարածքը լքելուց հետո վերադառնալուն պես կանցնեն կարանտինային ստուգումներ»,- ասաց վարչապետը:
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ԱԳՆ-ն ունի այլ մոտեցում խնդրի շուրջ: Նա ասաց, որ իրենք առաջարկում են ընդհանրապես սահմանափակել թե՛ օդային, թե՛ ցամաքային հոսքը: «Մեզ համար մտավախեցնող է, որ մենք կարող ենք ունենալ իրավիճակ, երբ ցանկը, որը հրահանգվում է առողջապահության նախարարի կողմից, կարող է ենթակա լինել փոփոխության: Կարող է այսօր ունենք մի դինամիկա մի ուղղությամբ, վաղը կունենանք մի դինամիկա մեկ այլ ուղղութամբ, և այդ ցանկը կարող է փոխվել բավական արագ, յուրաքանչյուր ուղղությամբ ու դժվար կլինի ԱԳՆ-ի և սահմանապահների համար կառավարել: Մենք առաջարկում ենք թույլ տան ՀՀ մուտք գործել միայն ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, եթե նույնիսկ օտարերկրյա քաղաքացիներ են, դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց, և պարետի կողմից թույլտվություն ունեցող անձանց, կանոնավոր բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդներին»,- ասաց նա:
Ելքի դեպքում ԱԳՆ-ն առաջարկում է թույլտվություն տալ օտարերկրյա պետության քաղաքացիներին, նրանց ընտանիքի անդամներին, կանոնավոր բեռնափոխադրումներ իրականացնող վարորդներին, դիվանագիտական անձնագիր ունեցողներին, պարետի որոշմամբ՝ այլ անձանց: Ըստ Մնացականյանի՝ սա ավելի պարզեցնում է և ավելի բացատրելի է դարձնում, թե ով կարող է գնալ, ով՝ գալ: «Չստեղծենք իրավիճակ, որ այսօր այս ցանկում այս պետությունները կան, հետո այս մեկը դուրս եկավ, մյուսը մտավ, կարող ենք ունենալ խառնաշփոթ, որը սահմանապահների կողմից անհնար է լինելու կառավարելը»,- ասաց նա:
Մնացականյանի դիտարկումների հետ համաձայն չէին կառավարության մյուս անդամները, այդ թվում՝ վարչապետը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ կառավարելիության առումով խնդիր չի տեսնում: «Մենք կարող ենք տոտալ արգելք դնել օտարերկրացիների մուտքի և ՀՀ քաղաքացիների ելքի վրա, բայց դա մեզ ավելի քիչ ճկունություն կտա առնվազն, եթե կիրառենք առաջարկվող կարգավորումը, դա մեզ թույլ կտա ամենօրյա կամ երեքօրյա ռեժիմով որոշել, թե օրինակ, վաղը պե՞տք է Իսպանիայի քաղաքացիներին արգելենք, կարգելենք, էսօր պետք չէ, էսօր չենք արգելի: Ես հասկանում եմ խնդիրը, բայց սահմանապահները կարող են թարմացվող ցանկեր ստանալ»,- ասաց նա:
Վարչապետն էլ առաջարկեց, որ կարգավորումը օրացույցային ժամկետով գործի՝ 00:00-ից մինչև 00:00, այսինքն ամեն օր հաստատվի, և սահմանապահները ստանան կարգավորումները, որ մի փոքր ճկուն լինենք:
ԱԳ նախարար Մնացականյանն էլ ասաց, որ խնդիրը նրանում է, որ ունենալու ենք 00:00 ժամի տվյալները, իսկ 00:30 ժամին լինելու են մի խումբ մարդիկ, որոնք գալու են Հայաստան և ասելու՝ մենք չգիտեինք, որ ցանկի մեջ չէինք:
Վարչապետն էլ նկատեց, որ համաձայն է, բայց տվյալ մարդը կարող է նաև գալ ու ասել՝ չգիտեի, որ ձեզ մոտ արտակարգ դրություն է:
«Եթե մենք դա մեկ քայլով անենք, մնացածը հեշտ կարող ենք կառավարել»,- առարկեց Մնացականյանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ այդ մոտեցման հետ չի կարող համաձայնել, նմանատիպ միջոցառումներ անցկացնելուց զատ պետք է հասկանալ, որ այդ ինքնաթիռներով որոշակի բեռնափոխադրումներ են իրականացվում: Վարչապետը նշեց, որ այո, պետք է ճկունությունը թողնել:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ համաձայնեց մտքի հետ առ այն, որ այո, ճկունությունը պետք է թողնել. «Հակառակ դեպքում մենք ուղղակի աշխարհից կտրվում ենք բառից բուն իմաստով: Ոչ մի ավիաընկերություն չի թռնի Հայաստան, մեր քաղաքացիները, որ պետք է գային, չեն թողնի, որ գան»,- նշեց նա:
«Ուրախ կլինեմ, եթե մենք կարողանանք մեզ նման՝ ամբողջությամբ փակվելու ճոխություն թույլ տալ, բայց վստահ եմ, որ դա մեզ ավելի վնասելու է, քան օգնելու է, որովհետև ամբողջությամբ կտրվել, այդ թվում՝ առողջապահական բեռներ ստանալու հնարավորությունից, մենք պարզապես չենք կարող, իսկ դա անխուսափելիորեն բերելու է նրան, որ ոչ մի դատարկ ինքնաթիռ չի գալու Հայաստան, այստեղի ձևակերպման մեջ ցամաքային ելքերն են, լավագույնը, որ կարող ենք անել, օդային ելքերը խստացնելն է»,- ասաց նա:









