Աջակցում ենք արտակարգ դրություն սահմանելու որոշմանը, բայց այն պետք է լինի հստակ. այսքան քննարկելուց հետո էլ պարզ չէ՝ մասնավոր հիմնարկություններն աշխատելու՞ են, թե՝ ոչ. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Մենք աջակցում ենք արտակարգ դրություն սահմանելու այս որոշմանը, բայց այն պետք է լինի հստակ, հարց չպետք է առաջանա՝ հիմա արտակարգ դրությո՞ւն է, թե արտակարգ դրություն չէ, բա եթե արտակարգ դրություն է, ինչի՞ է ամեն ինչ կարելի, ինչ ասում ենք՝ ասում են կարելի է, բա ի՞նչն է արտակարգ դրություն: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ի՞նչ է քննարկվում այս նիստում: Մենք քննարկում ենք արտակարգ դրության իրավական ռեժիմի միջոցառումները և խորհրդարանը, ըստ էության, պետք է ի գիտություն ընդուներ կամ լիներ նախագիծ, որով որոշ միջոցառումեր խորհրդարանը կհամարեր, որ դրանք պետք չեն կիրառել: Կարևոր հանգամանք կա, այսքան քննարկման արդյունքում էլ մեր քաղաքացիներին պարզ չէ, թե վերջին հաշվով մասնավոր հիմնարկությունները պետք է աշխատե՞ն, թե՞ պիտի չաշխատեն»,- ասաց պատգամավորը:
Մարուքյանը նշեց, որ պետք էր այստեղ պատասխան տրվեր, բայց այդ պատասխանը չի տրվել։ Նման արգելք կա՞, թե նման արգելք չկա: «Արգելք կա՞ 20-ից ավելի մարդկանց հավաքվելու, ըստ արտակարգ դրության իրավական ռեժիմի՝ կա, եթե պարետը որոշի նշված քաղաքների, համայնքների տարածքների համար, ստացվում է, որ էլի նման որոշում չկա: Այսինքն՝ այս պահին նման որոշում չկա: Սրանք այն հարցերն են, որոնք մեզ մարդիկ անընդհատ հարցնում են: Ակնհայտ է, որ իրազեկման աշխատանք կա տանելու, որովհետև անորոշություն է»,- նկատեց նա:
Պատգամավորը նշեց, որ մարդիկ ասում են՝ կարա՞նք տանից դուրս գանք, ասում են՝ մեծ հիմնարկ է, գնանք աշխատենք, բա որ վարակվենք, եթե մասնավորներին ասում ենք գնացեք, աշխատեք, որ չաշխատեք, որտեղից եք աշխատավարձ ստանալու, մյուս հարցն է առաջանում նրանց մոտ՝ ո՞նց է պետական հիմնարկներին ասել եք գնացեք տուն՝ ձեր աշխատավարձը կտանք: Նա շեշտեց, որ նմանատիպ հարցեր կան, որ պետք էր անդրադառնային:
Ինչ վերաբերում է գործ անելուն՝ Մարուքյանը նշեց, որ երբ հասարակ մարդիկ ասում են ամբողջ օրը խորհրդարանում խոսում եք, գործ արեք, պարզ է այդ մարդը, երևի, չգիտի, որ խորհրդարանում գործը խոսելով են անում, բայց երբ պատգամավորն է գալիս ու ասում՝ երեք, չորս ժամ է խոսում ենք, փոխանակ գործ անենք, զարմանալի է:
«Պատգամավորը չգիտի՞, որ գործ ենք անում, հարցեր տալով ենք գործ անում, ելույթներով ենք գործ անում, ես զարմանում եմ, որ պատգամավորը պատգամավորին նման բան է ասում: Ժողովուրդ գործ անելը հենց դա է, այս նիստը որոշ հարցերով անլրջացավ: Իրականում այս նիստը լուրջ նիստ է, որովհետև երկրում հրավիրվել է արտակարգ դրություն և մարդիկ նստած նայում են, թե իրենց վարքը ոնց դասավորեն, ինչ անեն: Մեր գործն այն էր, որ մարդկանց ասենք՝ ինչ է լինելու իրենց վարկի հարցը, եթե օրավարձով է աշխատում՝ աշխատավարձի հարցը, գնան գործի, թե չգնան գործի, կառավարությունը պետք է ունենար դրա վերաբերյալ լուծումներ, փաթեթ, ծրագիր, այդ ծրագիրը պետք էր մենք այստեղ լսեինք»,- ասաց նա:
Նա նշեց, որ հիմա, քանի որ նոր է ձևավորվել պարետատունը. նոր պետք է գործի, պետք է սպասել համապատասխան որոշումներ կայացվելուն, բայց այդ որոշումները պետք է արագ կայացվեն, որովհետև անորոշությունը խուճապի հիմք է հանդիսանում:
Մարուքյանը նշեց, որ իշխանության ներկայացուցիչները փոխարենը կենտրոնանան խնդիրների վրա, սոցցանցերում իրենց քննադատողներին են հակադարձում. «Սխալ ուղղություն է, էդ ճանապարհով ոչ մի տեղ չենք հասնելու, որովհետև եթե բացթողումներ կան, դրանք պետք է ասվեն և արագ վերականգնվեն: Մենք աջակցում ենք արտակարգ ռեժիմի այս որոշմանը, բայց այն պետք է լինի հստակ, հարց չպետք է առաջանա, հիմա արտակարգ դրությո՞ւն է, թե արտակարգ դրություն չէ, բա եթե արտակարգ դրություն է ինչի՞ է ամեն ինչ կարելի: Ինչ ասում ենք, ասում են՝ կարելի է, բա ի՞նչն է արտակարգ դրություն, որ մարդիկ արագ գնան առևտուր անեն, գա՞ն: Ուստի, ճիշտ ուղերձների, ճիշտ ինֆորմացիա տալու խնդիր է առաջանում»,- ընդգծեց նա:










