Չենք ասել, որ բոլոր ռեստորանները պետք է փակվեն․ հասկանում ենք, որ պետք է արդարացված լինի. եթե ինչ-որ տարածքի վերաբերյալ չգործելու որոշում չկա, ապա այդ օբյեկտները կարող են գործել. Նիկոլ Փաշինյան

20:21 • 16.03.20

Այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նկատելով, թե արդյո՞ք կառավարությունը, բացի  արտակարգ իրավիճակ հայտարարելուց՝ ունի տնտեսական գործողությունների փաթեթ, թե ոչ, և եթե այո, ապա ու՞մ է աջակցություն տրվելու, որպեսզի քաղաքացին կարողանա օրինակ՝ կոմունալ վճարումներ իրականացնել:

Վարչապետը պատասխանեց, որ այստեղ երկու շահ կա, առաջինն այն է, որ պետք է մարդուն եկամտով ապահովել, իսկ երկրորդ շահը չհիվանդանալ, չվարակվելն է: «Եթե մենք այս երկու մոտեցումներից մեկը բացարձականացնենք, ապա արդյունքում հաղթահարելը շատ դժվար կլիներ, դրա համար փորձում ենք համապատասխան լուծումներ տալ»:

«Տեսեք, մենք այսօր չենք ասել՝ վերջ բոլոր ռեստորանները Հանրապետություն պետք է փակվեն, որովհետև հասկանում ենք, որ նախ պետք է այդ միջոցը արդարացված լինի, երկրորդ՝ արդյունավետ լինի, և երրորդ, եթե ռեստորանները փակենք ու մատուցողներին ասենք՝ դուք էլ եկամուտ չեք ստանալու, այստեղից հարց է առաջանում, բա որտեղի՞ց ենք այդ եկամուտը ստանալու: Դրա համար մենք օպերատիվ այդ որոշումները կկայացնենք, ըստ իրավիճակի, ըստ համաճարակաբանական իրավիճակի»:

Պատգամավորը նշեց, որ շատ կարևոր է միջոցառումները մանրամասն ներկայացվեն, որպեսզի քաղաքացիները հասկական, թե ինչն է արգելված ինչը ոչ: Փաշինյանը պատասխանեց, որ եթե ինչ-որ տարածքի վերաբերյալ որոշում չի կայացվել չգործելու մասով, ապա այդ օբյեկտները  կարող են գործել:

Մարուքյանը հարց հնչեցրեց նաև մարզերում թեստեր  ունենալու վերաբերյալ, վարչապետը պատասխանեց, որ այստեղ կարևորը թեստը ֆիզիկապես ունենալը չէ, այլ թեստը պրոֆեսիոնալ, հերմետիկ տեղափոխելն է: «Այսօր կարող ենք գյուղերում տանել համատարած թեստ բաժանել, նույնիսկ ասել, որ պետք է քթից և բերանից քսուքներ վերցնել, բայց հետո դա, որտեղ է ախտորոշվելու: ՀՀ-ում այսօր  երեք ախտորոշման լաբորատորիաներ ունենք»: