Պարետատան և պարետի վրա դրված ամենակարևոր խնդիրն այն է՝ ոչ թե մարդկանց ասեն տանից դուրս մի եկեք, այլ օր առաջ ապահովեն դուրս գալն ու աշխատելը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Նավթամթերքի գներն անկում են ապրել, դա բացասական ազդեցություն է ունեցել Ռուսաստանի տնտեսության վրա, նեգատիվ ազդեցություն է ունենալու արտահանման մեր պոտենցիալի վրա և ենթադրվող տրանսֆերտների վրա, սա վատ է, բայց վառելիքը ենթադրաբար պետք է էժանանա և գյուղատնտեսական միավոր արտադրանքը, եթե այս պրոցեսը շարունակական լինի՝ ինքնարժեքի նվազում կունենա. Այսինքն՝ մեկը խնդիրն է, մյուսը՝ հնարավորությունը: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի այն հարցին, որ նավթային շուկայում գների տատանումներ են տեղի ունենում, պատրաստվո՞ւմ ենք նավթամթերք գնել, և այդ հնարավորությունը մեր գյուղատնտեսության մեջ կարողանանք ճիշտ օգտագործել:
«Գուցե շատ ապրանքներ, ինքնարժեքի պատճառով, նախկինում այդ շուկաներում մրցունակ չէին, հիմա կարող են մրցունակ դառնալ, այսօր օրինակ կառավարությունում քննարկում կար, որի արդյունքում պարզվեց, որ արտահանման առումով մեզ համար հետարքրքություն ներկայացնող երկրներից մեկում կորոնավիրուի պատճառով այս տարի 35 մլրդ դոլարի գյուղատնտեսական մթերքների շուկա է ի հայտ գալիս»,- ասաց նա:
Պատգամավորը նաև նշել էր, որ մասնավոր ընկերություններ կան, որ իրենց աշխատողներին ասում են՝ պարտադիր պետք է աշխատանքի գնան և բացակայություններն անհարգելի են լինելու, ինչ գործիքակազմ է կիրառելու կառավարությունը:
Ի պատասխան՝ վարչապետը նշեց, որ կառավարությունը երկու ուղղությամբ է որոշել աշխատել. «Առաջին ամենակարևոր խնդիրը, որ պարետատան և պարետի վրա դրված է, այն է, որ իրենք պետք է օր առաջ ապահովեն, որ մենք մարդկանց ոչ թե ասենք՝ ժողովուրդ ջան, տանից դուրս մի եկեք, այլ ասենք՝ դուրս եկեք օր առաջ, աշխատեք: Երկրորդ ուղղությունը հետևյալն է՝ մենք տնտեսական հնարավորությունների գեներացմամբ պետք է զբաղվենք, այդ թվում՝ ինչպես աջակցել տնտեսավարողներին, որ դառնա ոչ թե սոցիալական նպաստի նման բան, որը մարդուն ավելի ու ավելի հետ է պահում սեփական մրցունակությունն ավելացնելուց, այլ ոնց աջակցենք, որ այդ արդյունքում տնտեսությունն ու բիզնեսը դառնան ավելի մրցունակ: Սա է լինելու մեր ռազմավարությունը».- նշեց նա:
Փաշինյանը նշեց, որ մի դեպքում տնտեսավարողներն ասում են՝ եթե չգաս աշխատանքի, դա կհամարվի ոչ հարգելի, մյուս դեպքում ասում են՝ դու հարկադիր պարապուրդի մեջ ես, գնա տուն և մի արի աշխատանքի: «Երկու դեպքով էլ ահազանգում են: Մի դեպքում աշխատողն ասում է՝ բա որ չգնամ աշխատանքի հիվանդանամ, մյուս դեպքում ասում է՝ ես հարկադիր արձակուրդի մեջ եմ, բա իմ հոսանքի փողն ո՞վ է տալու»,- ասաց նա:
Մենք պետք է այս ամբողջ իրավիճակը հասկանանք: Կառավարությունը բաժանվել է երկու մասի, մի մասը զբաղվում է կորոնավիրուի կանխարգելմամբ, մյուս մասը՝ տնտեսական խնդիրները լուծելով և հնարավորություններն օգտագործելով:










