Այժմ երկրում կա 360 հատ շնչառական ապարատ ևս 11-ը ձեռք ենք բերելու. այս պահի այդքանը բավարար է, բայց կարող է այն ծավալի ճգնաժամ լինել, որ պարզվի՝ 1000 հատն էլ հերիք չէ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

21:27 • 16.03.20

Այս պահին երկրում կա 360 հատ շնչառական ապարատ, 11 հատ ձեռք ենք բերելու, 15 հատ այս պահին առկա է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի այն հարցին, թե քանի հատ շնչառական ապարատ կա երկրում, և արդյո՞ք շնչառական ապարատներ ներմուծելու կարիք չկա, որովհետև կորոնավիրոսի բարդության դեպքում՝ շնչառական ապարատներ են պետք լինելու։

«Կարող է այն ծավալի ճգնաժամ լինել, որ պարզվի՝ 1000 հատն էլ հերիք չէ, բայց այս պահին չունենք այնպիսի իրավիճակ, որ դրա կարիքը լինի: Ճգնաժամը հենց նրանով է ճգնաժամ, որ բոլոր պարամետրերից դուրս է, ոչ ոք չի կարող ասել՝ 350 ապարատը Հայաստանի համար շա՞տ է, թե քիչ»,-ասաց Փաշինյանը՝ մեջբերելով նաև Իտալիայի օրինակը, թե այնտեղ հազարավոր ապարատներ են եղել, բայց ավելի ուշ պարզվել է, որ այդքանն էլ չեն բավականացնում:

Պատգամավորը նաև հարցրեց՝ պետական ապարատում աշխատող քաղաքացիների աշխատավարձի վերաբերյալ: Վարչապետը հավաստիացրեց, որ բյուջետային համակարգի բոլոր աշխատողներն աշխատավարձ լիարժեք կստանան: