Եթե մարդ վարկ է վերցրել, 5 դրամով դիմակ է բերել ու 250 դրամով վաճառել, այդ մարդուն ինչու՞ վարկային արձակուրդ տանք․ Փաշինյան (տեսանյութ)
Իմ կարծիքով, նոր հնարավորություն պետք է ստեղծենք, որ ով իր ստանձնած վարկային պարտավորություններին լուրջ է վերաբերվում, քաջալերենք, իսկ նրանք ովքեր լուրջ չեն վերաբերում, արդեն 1-2 տարի է խաբում են, հիմա էլ ասում են 6 ամիս էլ կորոնավիրուսից օգտվելով կխաբեմ, ապա նրանց պետք չէ աջակցել։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «ԲՀԿ» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի՝ 2-3 ամիս սառեցվեն վարկերը բոլորի համար, առանց ոչ մի տարանջատման, որը թույլ կտա լուծել բազմաթիվ հարցեր դիտարկմանը։
«Բանկն ասում է՝ ես ունեմ 5 հաճախորդ, որից 4-ը պարտաճանաչ վճարումներ է կատարում, իսկ 5-րդը մի տարի է իր վարկային պարտավորությունը նորմալ չի կատարում։ Դրա ընթացքում ես իր վրա դնում եմ տույժ-տուգանքներ։ Բանկը նաև ասում է, որ այդ մարդը՝ ի հեճուկս բանկի հետ պայմանավորվածության, արդեն մեկ տարի է իրեն վարկային արձակուրդ է տվել, այսինքն՝ այդ մարդը արդեն մի տարի պարտավորությունները չի կատարում։ Ես հիմա ինչի՞ այդ անպարտաճանաչ վարկառուին խրախուսեմ, որ ինքը նոր էներգիա ստանա՞ իր պարտավորությունները չկատարելու համար»,-նշեց վարչապետը։
Փաշինյանի կարծիքով, այն մարդը, որն ունի հարգելի պատճառ կգնան կկանգնեն կողքին, կաջակցեն, բայց ով չունի, ապա ինչու՞ շարունակի համակարգի վրա նեգատիվ ազդեցություն ունենալ։
«Բայց եթե կլինեն դեպքեր, որ մեր ասած 2 տարբերակներից դուրս է իրավիճակը, եկեք այդ 3-րդ դեպքով զբաղվենք, օգնենք մարդկանց։ Էներգիա չծախսենք այնտեղ, որտեղ արդյունք չկա»,-նշեց վարչապետը։
Արձագանքելով Փաշինյանին, Աբովյանն ասաց, որ ոչ բոլորն են սոցիալական պատասխանատվություն կրում, բայց այնուամենայնիվ, կարծում է, որ ավելի լավ և արդյունավետ կլինի որոշում ընդունել և դրանով տալ լուծում։
«Օրինակ` եթե մարդ վարկ է վերցրել, 5 դրամով դիմակ է բերել ու 250 դրամով վաճառել, այդ մարդուն ինչի՞ վարկային արձակուր տանք, անհատական դեպքերով համաձայն եմ արձակուրդ տալուն»,-ընդգծեց վարչապետը։










