Եթե Էջմիածնի տարածքում միջոցառումն արգելվում է, թող ջերմություն և որևէ ախտանիշ չունեցող քաղաքացիներ գան Երևանում կամ Արտաշատում հարսանիք անեն, ի՞նչն է խնդիրը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Եթե սահմանվում է, որ օրինակ` Էջմիածնի տարածքում միջոցառումն արգելվում է, թող Էջմիածնի հինգ հարյուր ջերմություն և որևէ ախտանիշ չունեցող քաղաքացիներ գան Երևանում կամ Արտաշատում հարսանիք անեն: Ի՞նչն է խնդիրը. ոչ մի խնդիր չկա: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի՝ հանրային միջոցառումներին վերաբերող հարցին:
«Ինչքան հասկացա, մասնակիցների թվի սահմանափակումը տեղի է ունենալու երկրի ոչ ամբողջ տարածքում, այլ այն վայրերում, որտեղ պարետն անհրաժեշտություն կտեսնի: Արդյո՞ք ավելի ճիշտ չէ մեկ շաբաթով ամբողջ երկրի տարածքում այդ արգելքը մտցնել, որովհետև եթե մի քաղաքում տվյալ միջոցառումն արգելվում է, նույն մարդիկ այդ միջոցառումը կարող են անել այն քաղաքում, որտեղ չի արգելվում»,-հարցրեց պատգամավորը:
Վարչապետն արձագանքեց, թե միջոցառումները երկու խմբի կբաժանի՝ հանրային հավաքներ, որոնք ամբողջ հանրապետությունում արգելված են և երկրորդ խումբ՝ օրինակ՝ հուղարկավորություն:
«Երկրորդ խմբի միջոցառումները չեն սահմանափակվում, կարող է սահմանափակվել պարետի որոշմամբ, որ այս տարածքում հուղարկավորությունները կարող են տեղի ունենալ մինչև 20 մարդու մասնակցությամբ, նույնը՝ հարսանիքը, նշանադրությունը: Կան օպերատիվ մարմիններ, և եթե տեղեկատվություն լինի, որ մի արգելված վայրում միջոցառում չեն անում, այլ վայրում են անում, կկայացվի համապատասխան որոշում: Խնդիրն այն է, որ օրինակ, եթե հարսանիքի հրավիրյալի մոտ Էջմիածին, քաղաքից դուրս գալիս, արձանագրվի ջերմություն, մենք իրեն կխնդրենք, որ հետ գնա, եթե խնդրանքին չի ընդառաջի, արդեն արտակարգ դրության մասին որոշմամբ կարող ենք նաև հարկադրանքի միջոց կիրառել»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց նաև, որ սահմանափակումները վերաբերում են նաև կրոնական միջոցառումներին:










