Պատգամավորն առաջարկում է, որ պետությունն իր վրա վերցնի խոշոր արտադրամասերի աշխատակիցների մուտք ու ելքի ստուգումը, վարչապետը նշում է՝ ռեսուրս չկա, հնարավորության դեպքում կանեն (տեսանյութ)
ԱԺ արտակարգ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ 500 անդամ ունեցող արտադրամասում, երբ կորոնավիրուսով վարակված դեպք հայտնաբերվեց, մեծաթիվ մարդիկ մեկուսացվեցին: Պատգամավորն ասաց, որ Հայաստանում կան 1000, 2000 նույնիսկ 3000 աշխատող ունեցող կազմակերպություններ և լավ է, որ դրանցում դեռ նման դեպքեր չեն գրանցվել: «Կանխարգելիչ նշանակություն կարող է ունենալ այն, որ մենք կարողանանք որոշակի աշխատանքային պայմաների հետ կապված կարգավորումներ մտցնել, ինչը ենթադրում եմ՝ պարետի հետագա որոշումներով պետք է կարգավորվի: Մենք չենք կարող այդ արտադրամասերը փակել և այդ մարդանց տուն ուղարկել, նաև շատ վտանգավոր է այդպես՝ մատների արանքով նայելը»,-ասաց նա և վարչապետից հետաքրքրվեց, թե ինչ միջոցառումներ, սանիտարական ավելի խիստ պայմաններ է ենթադրում, որ պետք է կազմակերպել, որ ոչ այդ տնտեսավարող սուբյեկտի աշխատանքը խանգարվի, ոչ էլ հետագայում թույլ տրվի դեպքերի առաջացում:
Փաշինյանն էլ նշեց, դեպք է գրանցված արտադրամասի աշխատանքը գործնականում ժամանակավորապես դադարեցվել է և մեկուսացվել են ոչ մեծ թվով մարդիկ: Նա նշեց, որ մեկուսացնել են նրանք, որոնց հետ վիրուսակիրները շփվել են, վարչապետը նաև նշեց, որ երկրորդ շփման շարքի ժողովրդին ախտորոշել են, և բացասական է ցույց տվել:
«Ես ասացի մենք երկու ուղղությամբ ենք աշխատում, իրականում, այսօր նաև երրորդ ուղղությունն է եղել, աշխատանքային իրավունքների հետ կապված հարցերով նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարականներ են տրվել, որ ձեր ասած ոլորտում առկա բոլոր խնդիրները գույքագրվեն և փորձեն լուծումներ տալ հատ-հատ բոլոր այն դեպքերում, երբ որ կարգավորումներ չունենք: Մասնավորապես, հիմա գործատուն պարտավո՞ր է արդյոք աշխատողին ապահովել անհատական պաշտպանության միջոցով համաճարակի ժամանակ. դա մի հարց է, որ մեր օրենսդրությամբ կարգավորված չէ, որը պետք է կարգավորենք: Ընդունում եմ, որ այդտեղ անելիք կա, բազմաթիվ չկարգավորված խնդիրներ կան և լավ չի, որ այդպես է, բայց դա փաստ է»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ լավ կլիներ՝ մեկ տարի առաջ կանխատեսած լինեին այս հարցերը և բոլորը կարգավորեին, բայց, ցավոք սրտի, ընդհանուր օրակարգն այնքան մեծ է, որ շատ հաճախ ոչ թե ռազմավարական լուծումների ճանապարհով են գնում, այլ տեղային և օպերատիվ լուծումների ճանապարհով: «Այդ է պատճառը, որ 2020թ․ մեկնարկին ես հայտարարեցի, որ մենք ավարտել ենք օպերատիվ կառավարման ռեժիմը և անցնում ենք ռազմավարական կառավարման տրամաբանությանը, մենք այդպես էլ տրամադրված էինք, բայց էլի կորոնավիրուսի այս իրավիճակը թույլ չտվեց, որ անցնենք այդ ռեժիմին: Ընդունում եմ այն, ինչ դուք ասում եք՝ հանձնարականը տրված է, բայց, ցավոք, այդ հանձնարարականը ոչ թե ռազմավարական կառավարման տրամաբանության մեջ է, այլ՝ օպերատիվ կառավարման: Ինչը նրանով է վատ, որ կարող ենք շտապելով ինչ-որ որոշումներ կայացնել, և այդ որոշումներն այդքան էլ արդյունավետ չլինեն»,- ասաց նա:
Բայցի այդ, Փաշինյանը հավելեց, որ եթե հետո չմտնեն ռազմավարական կառավարման տրամաբանության մեջ, կմոռանան դրա մասին մինչև հերթական համաճարակը: Դրա համար, ըստ վարչապետի, պետք է փորձել թեկուզ այս պայմաններում, բայց գնալ ռազմավարական լուծումների ճանապարհով:
Տարոն Սիմոնյանն էլ համաձայնեց վարչապետի հետ, որ միանշանակ ճիշտ կարգավորումները թերի են, բայց միևնույն ժամանակ նշեց, որ պետք է թեկուզ արտակարգ դրության պայմաններում ներմուծել այդ կարգավորումները: Սիմոնյանն առաջարկեց, որ խոշոր արտադրամասերում պետությունն իր վրա վերցնի մուտքերում և ելքերում աշխատակիցների ստուգում կատարելը, որ հանկարծ որևէ վարակակիր չմտնի աշխատանքի և արդյունքում չունենանք անկանխատեսելի հետևանքներ:
Վարչապետն էլ նկատեց, որ եթե բոլոր հիմնարկները փորձենք գնահատել ըստ գոյություն ունեցող չափանիշների, ապա հայաստանյան հիմնարկների, այդ թվում նաև պետական, 90 տոկոսը կփակվի, որովհետև դրանք ոչ մի չափանիշի չեն համապատասխանում: «Դուք ճիշտ եք նկատում այդ ամեն ինչը, բայց այնքան մեծ է հարցրի օրակարգը, որ այս ռեսուրսներով պետք է նայենք, թե արտակարգ դրության պայմաններն ինչպես ենք ապահովելու: Ձեր առաջարկն ի գիտություն ընդունվեց, եթե հնարավոր է լինի, կանենք»,- եզրափակեց վարչապետը:










