Եթե մեզ այսօր մեկ հաց է պետք, եկեք 3 հատ չառնենք․ Հայաստանում ապրանքների պակաս չկա․ Փաշինյան (տեսանյութ)

22:53 • 16.03.20

Գինը առաջարկի և պահանջարկի հարաբերակցություն է, և շատ դեպքերում մենք մեր վարքագծով ենք շուկայի գինը ձևավորում։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի այն հարցին, թե արդյո՞ք օբյեկտիվ է, որ 400-450 դրամանոց սպիրտը երեկ և այսօր սուպերմարկետներում վաճառվում է 3460 դրամով և վարչապետը չի՞ կարծում, որ այստեղ ՏՄՊՊՀ-ն լուրջ գործառույթ ունի իրականացնելու,  թե այս թանկացումն էլ է տրամաբանականների շարքից, հիշեցնելով որ իր նախորդ ելույթներից մեկում վարչապետն ասել էր, թե տրամաբանական է, որ դիմակի գինը թանկացել է։

«Եթե իմ խանութում կա 5 բաժակ ու այդ 5 բաժակի հետևից եկել է 100 հոգի՝  տրամաբանական է, որ գինը 100 անգամ կավելանա, իսկ եթե ունեմ 5 բաժակ, որի հետևից եկել է 4 հոգի, տրամաբանական է, որ գինը չի փոխվի։ Ես արդարացված ասելով՝ դա նկատի ունեմ»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով, հաճախորդն է իր վարքագծով պարտադրում վաճառողին, որովհետև եթե իր ցուցափեղկի մի հատվածը դատարկում ենք, ապա մյուս հատվածը լիքն է մնում և շրջանառությունդ կանգնում է։

Արձագանքելով վարչապետին՝ պատգամավորը հարցրեց, որ վերջին օրերին,  չնայած հորդորներին, քաղաքացիները խանութներից մեծ քանակությամբ ձեռք են բերում առաջին անհրաժեշտության ապրանքներ, հնարավո՞ր է, որ դրանք նույնպես թանկանան։

«Մեր կոչը հետևյալն է, եթե մեզ այսօր մեկ հաց է պետք, եկեք 3 հատ չառնենք։ Հայաստանում ապրանքների պակաս չկա»,- նշեց վարչապետը։