Հասկացանք, որ սովորական միջոցները չեն կանգնեցնում պրոցեսը, պետք է արտակարգ միջոցներ ձեռնարկենք. Նիկոլ Փաշինյանը՝ արտակարգ դրություն մտցնելու մասին (տեսանյութ)

21:13 • 16.03.20

Որովհետև մենք ունենք պարզ վիճակագրություն: Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցների թիվը քառապատկվել է:

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այսպես ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հարցին, թե ինչու է հենց այսօր կայացվել արտակարգ դրության անցնելու  որոշումը, ինչու դա չի արվել, օրինակ՝ մեկ շաբաթ առաջ:

«Ես հիշում եմ, որ այս ամսի տասնմեկին մենք ունեինք վեց-յոթ հիվանդ, այսինքն՝ թիվն անգամ հնգապատկվել է: Հասկացանք, որ սովորական միջոցները չեն կանգնեցնում պրոցեսը, պետք է արտակարգ միջոցներ ձեռնարկենք: Վերջին երկու օրերին, մենք օրվա մեջ ունենում էինք, երեք, չորս, հինգ ախտորոշում»,- ասաց նա:

 Նա նաև նշեց, որ հիվանդներից ոմանք թաքնվում էին:

Արտակարգ միջոցների դիմելու մասին, ըստ վարչապետի, մտածեցին, երբ իմացան, որ հիվանդներից մեկը աշխատել է հինգ հարյուր հոգանոց արտադրամասում, մյուսը՝ դպրոցում:

Նիկոլ Փաշինյանը նաև ճշգրտեց, որ արտակարգ դրություն պետք է հայտարարվի, եթե անմիջապես երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ կա:

«Երբ հանրապետությունում կա մի դեպք, և երբ բոլորս համոզված ենք, որ նրա բոլոր կոնտակտները հանգստանում են Գոլդն Փելես հյուրանոցում, որևէ մեկին չես կարող համոզել, որ սահմանադրական կարգին և ընդհանրապես մարդկանց առողջությանը վտանգ է սպառնում»,-ասաց նա: