ՀՀ-ում գտնվող Վրաստանի քաղաքացիները կկարողանան իրենց երկիր մեկնել ցամաքային ճանապարհով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

20:54 • 16.03.20

Եթե ՀՀ քաղաքացին Վրաստանում է, կարող է ցամաքային սահմանով գալ Հայաստան, եթե Վրաստանի քաղաքացին է մեր երկրում, կարող է ցամաքային սահմանով գնալ: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, թե ինչպիսի կարգավորում է լինելու ՀՀ-ում գտնվող Վրաստանի քաղաքացիների համար, արդյո՞ք գործելու է Հայաստան-Վրաստան սահմանը փակելուց հետո սահմանված երկշաբաթյա ռեժիմը:

«Մեկ շաբաթ առաջ ՀՀ-Վրաստան սահմանը փակվեց, բայց երկու երկրները թե՛ ցամաքային, թե՛ օդային ճանապարհներով ընդունում են իրենց քաղաքացիներին: Այսօրվա արտակարգ ռեժիմը ենթադրում է, որ քաղաքացիները միայն օդային ճանապարհով կարող են դուրս գալ: Ես կարո՞ղ եմ ենթադրել, որ քաղաքացիները դեռ կարող են Վրաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ երկշաբաթյա ժամկետին համապատասխան երկրից դուրս գալ: Եթե ոչ, ապա ստացվում է, որ Գյումրիից Ջավախք քաղաքացին հասնում է 30-40 րոպեում, բայց այս դեպքում պետք է Երևանից օդային ճանապարհով մեկնի Թբիլիսի, այնտեղից՝ Ջավախք»,-նշեց Թորոսյանը:

Փաշինյանն արձագանքեց՝ եթե Վրաստանի քաղաքացի չէ, չի կարող թռչել Թբիլիսի, եթե Վրաստանի քաղաքացի չէ, Հայաստանից որևէ կերպ չի կարող Վրաստան մեկնել, եթե Հայաստանի քաղաքացի չէ, Վրաստանից Հայաստան գալ չի կարող:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց՝ նշելով, թե այո՝ երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո, ըստ արտակարգ ռեժիմի, Վրաստանի քաղաքացիները Վրաստան կարող են մեկնել միայն օդային ճանապարհով:

Թորոսյանն արձագանքեց, որ վստահ է՝ պարետը կորոշի, որ Վրաստանի քաղաքացիները նաև ցամաքով կարողանան իրենց երկիր գնալ:

Վարչապետն էլ նշեց՝ հակառակն անտրամաբանական է: «Մարդը ենթադրենք, եկել է Բավրա, մեկ էլ ասում ենք՝ ռեժիմ է փոխվել: Ընդհանրապես, քաղաքացիություն ունեցող անձանց երկիր վերադառնալու հետ կապված սահմանափակումներ չկան: Եթե ՀՀ քաղաքացին Վրաստանում է, կարող է ցամաքով գալ, եթե Վրաստանի քաղաքացին է ՀՀ-ում, կարող է ցամաքային սահմանով գնալ: Եթե լինեն հարցեր, կլինեն արագ կարգավորումներ պարետի կողմից»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, թե հնարավոր են կետեր, որոնք հաշվի չեն առնվել, բայց պարետի կարգադրությամբ կլուծվեն: