Նովոսիբիրսկում արտերկրից ժամանած ավելի քան 500 մարդ կարանտինում է գտնվում
Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզում ավելի քան 500 մարդ է գտնվում կարանտինում․ մարզում դեռևս կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի գրանցվել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով մարզպետի տեղակալ Սերգեյ Նելյուբովի հայտարարությանը։
«Ոչ բարենպաստ երկրներից բոլոր ժամանածները բժշկական հսկողության տակ են գտնվում։ Այսօրվա դրությամբ բժշկական հսկողության տակ է գտնվում 543 մարդ։ Սուր շնչառական վիրուսային ախտանշանների ի հայտ գալուն պես օպերատիվ կերպով հոսպիատալացման մասին որոշում կկայացվի, և անհրաժեշտ բժշկական անալիզները կվերցվեն»,- նշել է բարձրաստիճան պաշտոնյան, որը նաև կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի տարածաշրջանային շտաբի ղեկավարն է։
Իր հերթին մարզպես Անդրեյ Տրավնիկովը կոչ է արել բոլոր քաղաքացիներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին մասնակցելուց և խոսել է բնակչությանը անհրաժեշտ տեղեկությամբ ապահովելու անհրաժեշտության մասին։
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը անցել է 153 000-ից, մահվան դեպքերը` 5700-ից:










