Կատալոնիայի ղեկավարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. Իսպանիայում վարակակիրների թիվը գերազանցել է 9400-ը

20:41 • 16.03.20

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան վարակվել է կորոնավիրուսով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությամբ քաղաքական գործիչը հանդես է եկել երկուշաբթի:

«Ես COVID-19-ի ախտորոշման թեստ եմ հանձնել, որը դրական արդյունք է տվել»,- ընդգծել է ինքնավար շրջանի ղեկավարը: Ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել Կատալոնիայի կառավարության նախագահի տեղակալի՝ Պերե Արագոնեսի մոտ:

Իսպանիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է հունվարի 31-ին: Երկրում վարակակիրների թիվը կտրուկ սկսել է աճել Իտալիայում բռնկման ֆոնին: Վերջին տվյալներով՝ թագավորության տարածքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 9400 դեպք է գրանցվել, 335 մարդ մահացել է, ապաքինվել՝  530-ը: Ամենից շատ վարակակիրներ կան Մադրիդում:

Հիշեցնենք, որ երկրի կառավարությունը մարտի 15-ին 15 օրյա արտակարգ ռեժիմ է սահմանել երկրում:  

Ողջ երկրում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 174 600-ը, մահացածներինը՝ 6700-ը, ապաքինվել է 77 657 մարդ: