Կառավարությունն ընդունեց արտակարգ դրություն սահմանելու նախաձեռնությունը. ՀՀ քաղաքացիների ելքը ցամաքային ճանապարհներով արգելվեց (տեսանյութ)

15:00 • 16.03.20

17:30

Կառավարությունը վերախմբագրումից հետո ընդունեց ՀՀ-ում մարտի 16-ի ժամը 18:30-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն սահմանելու մասին նախագիծը:

Նախքան նախագիծը կդրվեր քվեարկության, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ բոլոր քաղաքացիներին թույլատրվում է մուտքը ՀՀ տարածք, ՀՀ քաղաքացիների ընտանիքի բոլոր անդամներին, անկախ քաղաքացիությունից, թույլատրվում է մուտքը ՀՀ տարածք, ՀՀ քաղաքացի չհանդիսացող, բայց կացության իրավունք ունեցող բոլոր մարդկանց թույլատրվում է մուտքը ՀՀ տարածք:

«ՀՀ տարածքն արգելվում է միայն այն քաղաքացիների մուտքը, ովքեր առողջապահության նախարարի որոշմամբ գալիս են այն երկրներից, որտեղ համաճարակային վիճակը ծանր է, կամ վերջի 14 օրվա ընթացքում գտնվել են այդպիսի երկրներում, նաև կարող է պարետն առանձին դեպքերում սահմանել որոշ բացառություներ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ-ից ելքին, ապա Փաշինյանը նշեց, որ ցամաքային սահմանով ՀՀ քաղաքացիների ելքն արգելվում է՝ բացառությամբ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարի վարորդների: «ՀՀ քաղաքացիներին օդային ճանապարհով ելքը թույլատվրում է, երբ որ ընդունող երկիրը դեմ չէ, որ մեր քաղաքացուն ընդունի: Օտարերկրյա քաղաքացիներին էլի թույլատրում է ելքը, իսկ ցամաքային ելքն արգելվում է»,- նշեց նա:

Վարչապետը նաև նշեց, որ 20 հոգուց ավելի մարդկանցով հուղարկավորություններ, հարսանիքներ անցկացնելն արգելվում է այն պայմաններում, որոնք սահմանվում են պարետի կողմից: «Այսինքն՝ պարետը կարող է նախարարության եզրակացության հիման վրա որոշել, որ որոշ տարածքներում, կապված համաճարակային առանձնահատուկ վտանգով, 20 հոգուց ավելի մասնակցությունը նման միջոցառումների արգելվի»,- նշեց նա:

17։15

Կառավարությունը վերսկսել է արտակարգ դրություն սահմանելու հարցով հատուկ նիստը։ 




16։15

Այս պահին Կառավարությունն ընդատել է նիստը և մեկ ժամով գնացել ընդմիջման՝ մինչև 17։15։ 


15։00

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որի օրակարգում մեկ հարց է՝ հանրապետության տարածքում արտակարգ դրություն սահմանելու հարցը: 

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հրապարակեում է արտակարգ դրություն հաստատելու մասին տեքստը: «ՀՀ կառավարությունը որոշում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարտի  16-ի ժամը 17:00-ից մինչև ապրիլի 14-ը ժամը 9-ը հայտարարել արտակարգ դրություն, ստեղծել պարետատուն և պարետ նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին»,-ասաց նա: