Բենյամին Նեթանյահուն կորոնավիրուսի թեստ է հանձնել
Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Բենյամին Նեթանյահուն կորոնավիրուսի հայտնաբերման հետազոտություն է անցել, որի պատասխանը բացասական է եղել: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել են իսրայելական կառավարության ղեկավարի գրասենյակից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կորոնավիրուսի հայտնաբերման ստանդարտ թեստեր են հանձնել նաև Նեթանյահուի մոտ շրջապատում ընդգրկված անձինք: Այնուամենայնիվ, թեստ հանձնած մարդկանցից ոչ մեկի մոտ նախնական ախտանշաններ չեն նկատվել:
Իսրայելի առողջապահության նախարարությունը կիրակի հայտնել է, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 200-ի: Հիվանդներից երկուսի վիճակը ծանր է գնահատվում, 4 մարդ ապաքինվել է: Մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել:
Երկրում վիրուսով վարակման առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 27-ին: Կորոնավիրուս է հայտնաբերվել Իտալիայից վերադարձած իսրայելցու մոտ:










