11 աշխատողին պետք է լինի մեկ ղեկավար, մեր երկրում երեք-չորս աշխատողին է մեկ ղեկավար. վարչապետը՝ ՁԻԱՀ-ի կանխարգելիչ կենտրոնի՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միանալու մասին (տեսանյութ)

23:18 • 16.03.20

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցոթյան պատգամավոր Աննա Կոստանյանն ԱԺ հատուկ նիստում վարչապետին խնդրեց որոշակի տվյալներ տրամադրել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մասին, քանի որ վերջերս կառավարության որոշման համաձայն՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը միացել է այդ հիվանդանոցին։ Նա մասնավորապես հարցրեց՝ արդյո՞ք ռիսկերի կառավարման տեսանկյունից համաճարակային նման իրավիճակում խնդրահարույց չէ, որ ՄԻԱՎ-ով վարակակիր պացիենտներն այցելեն նույն ինֆեկցիոն հիվանդանոց:

Վարչապետն ասաց, որ բոլոր հիվանդների բուժման հարցերով զբաղվում են բժիշկները, այլ ոչ թե տնօրենը, կամ ղեկավար կազմը: «Այս ողջ պրոցեսների արդյունքում բոլոր բուժաշխատողները մնալու են իրենց տեղերում և զբաղվելու են այդ մարդկանց հարցերով, այստեղ կառավարման արդյունավետության մասին է խոսքը, ոնց որ մենք 3-4 նախարարություններ միացրել ենք և արդյունավետությունն ենք բարձրացրել, նույնն էլ այստեղ է: Հայաստանում այդ պռոբլեմը կա. 11 աշխատողին պետք է լինի մեկ ղեկավար, մեր երկրում երեք-չորս աշխատողին է մեկ ղեկավար: Մենք, ինչքան հնարավոր է, պետք է ղեկավարների թիվը կրճատենք, աշխատողների թիվը շատացնենք, այս դեպքում ոչ մի ռիսկ չկա»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մեկ տարի հետո կերևա՝ ինչ որ բան վատացե՞լ է, թե ոչ: Վարչապետը համոզմունք հայտնեց, որ ոչ թե կվատանա որևէ բան, այլ հակառակը՝ կլավանա: «Մեր երկրում պետք է տնօրենի, տնօրենի տեղակալի, տնօրենի տեղակալի օգնականի, գլխավոր հաշվապահի, գլխավոր խորհդականի հաստիքները հնարավորինս քիչ լինեն, հիվանդների հետ աշխատող, նրանց կարիքները հոգացող մարդկանց հաստիքները՝ շատ: Այդ որոշումը սրա մասին է, և ես համոզված եմ, որ ճիշտ որոշում է կայացվել»,- հայտարարեց նա:

Պատգամավորն էլ հակադարձեց, որ իր հարցը վերաբերում էր տեխնիկական հագեցվածությանը, կենտրոնի մասնագետների պատրաստվածությանը, և արդյո՞ք ինֆեկցիոն հիվանդանոցը տիրապետում է համաճարակային այս իրավիճակում ռիսկային այս խմբերի կորոնավիրուսով վարակվելու հավանականությանը:

«ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը նախկին տնօրենի սեփականությո՞ւնն է, հետը հավաքելու է, տանի՞, այդ տեխնիկական հագեցվածությունը նույն տեղում է: Ընդհակառակը՝ տնօրենի աշխատավարձի ծախսերը, որոնք հիմա խնայվում են, կծախսվեն տեխնիկական հագեցվածության ավելի բարձր մակարդակ ունենալու վրա»,- ասաց նա: