Ռուսաստանը կորոնավիրուսի պատճառով փակում է սահմանը Բելառուսի հետ. Լուկաշենկոն արձագանքել է

15:23 • 16.03.20

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման ֆոնին մարդկանց տեղաշարժի համար փակվում է ռուս-բելառուսական սահմանը: Այս մասին գրում է Коммерсантъ պարբերականը:

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 60 դեպք:

«Մենք որոշել ենք մարդկանց տեղաշարժի համար փակել Բելառուսի հետ սահմանը, կատարել ենք նաև մի շարք այլ կանխարգելիչ քայլեր: Մենք հետագայում էլ ամեն ինչ կանենք այս նոր սպառնալիքից  մեր երկիրը պաշտպանելու համար, կձեռնարկենք համապարփակ միջոցներ, որպեսզի թույլ չտանք առաջին հերթին կորոնավիրուսի զանգվածային տարածումը»,-հայտարարել է ՌԴ վարչապետը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հասցրել է արձագանքել Ռուսաստանի` սահմանը փակելու որոշմանը:

«Բանը հասել է նրան, որ մեր հարազատ Ռուսաստանը փակել է սահմանը Բելառուսի հետ: Ռուսաստանը ամբողջովին այրվում է կորոնավիրուսից, և ով ումից պետք է փակվի, դա հռետորական հարց է»,-ընդգծել է Լուկաշենկոն:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում: