Թրամփն ամերիկացիներին «չլարվելու և թուլանալու» կոչ է արել, իսկ երկրի առաջատար վարակաբանը նախազգուշացրել՝ «վատագույնը դեռ առջևում է»
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսով պայմանավորված համընդհանուր խուճապի ֆոնին դիմել է ամերիկացիներին՝ կոչ անելով թուլանալ ու շատ չանհանգստանալ, գրում է The Guardian-ը՝ նկատելով, որ Թրամփը շարունակում է թերագնահատել վարակի ներկայացրած վտանգը:
Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ ղեկավարն ասել է. «Թուլացեք, մենք ամեն ինչ հրաշալի ենք անում: Այս ամենը կանցնի-կգնա»:
Պարբերականը նկատում է, որ նախագահի ասածին միանգամայն հակասում է երկրի առաջատար վարակաբան Էնթոնի Ֆաուչիի հայտարարությունը, ըստ որի՝ վատագույնը դեռևս առջևում է:
«Կորոնավիրուսի ճգնաժամը մոտենում է ամենա-ամենակրիտիկական կետին»,-հայտարարել է փորձագետը՝ երկրի իշխանություններին կոչ անելով ավելի կտրուկ քայլերի դիմել:
Հայտնի, որ ԱՄՆ գրեթե բոլոր նահանգներում կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել: Քսանչորս նահանգում փակվել են դպրոցները, մանկապարտեզներն ու բուհերը, արգելվել են հանրային միջոցառումները, չեն գործում ռեստորաններն ու բարերը:
Երկրի 49 նահանգում գրանցվել է ախտահարման 2900 դեպք, կան տասնյակ զոհեր:










