Եթե Առողջապահության նախարարը մնա իր պաշտոնին ու պատասխանատվության չենթարկվի, պետությունը Հայաստանում այլևս լուծարված կլինի․ Ս․Դանիելյանը՝ Արա Մինասյանից ներողություն խնդրելու որոշումը չկատարելու մասին

23:21 • 17.03.20

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ արած հայտարարություններին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանից ներողություն խնդրելու դատական որոշման մասին:

Նա մասնավորապես նշել է, որ առողջապահության նախարարը հայտարարեց, որ հրաժարվում է ճանաչել դատարանի որոշումը, քանի որ այն համարում է սխալ, իսկ Հայաստանի դատական համակարգը ժողովրդի մեծ մասը չի վստահում, ինքն էլ իր հերթին չի հարգում Հայաստանի դատարանը: «Ես տեղյակ չեմ կոնկրետ այդ դատական վեճին, վեճի մանրամասներին և ինձ չի հետաքրքրում նաև այն, թե իրականում դատարանի որոշումը որքանով է ճիշտ` դա իմ որոշելիքը չէ»,- գրել է նա և հավելել, որ կա փաստ, կառավարության անդամն անվստահություն հայտնեց դատարանի որոշմանը, այսինքն հայտարարեց, որ Հայաստանի Հանրապությունը չի ճանաչում ու ինչ կուզի, այն էլ կանի:

«Կառավարության անդամն օրինակ ծառայեց հազարավոր դատապարտվածներին, որ նրանք նույնպես չճանաչեն դատարանի որոշումները, ջարդեն բանտերի պատերն ու դուրս հորդեն այնտեղից: Օրինակ ծառայեց բոլորին, որոնք ունեն դատարանի որոշումներ, որոնց հետ համաձայն չեն ու ինքնադատաստան տեսնեն նրանց հետ, ում հետ դատական վեճի մեջ են եղել:

Այդպես նրանք կարող են վարվել, եթե այս կառավարության անդամը մնա իր պաշտոնին ու պատասխանատվության չենթարկվի, իսկ մենք, մեր հայեցողությամբ, իրավունք ստանում չճանաչել Հայաստանի կառավարությունն ու նրա որոշումները:

Եթե մնա իր պաշտոնին ու պատասխանատվության չենթարկվի, ապա կարելի է համարել, որ պետությունը Հայաստանում այլևս լուծարված է ու մենք բոլորս ազատ ենք անել այն, ինչ կամենում ենք»,- գրել է քաղաքագետը և հավելել, որ պատահական չի, որ դատարանները վճիռները կայացնում են Հայաստանի Հանրապետության անունից, դատավորների գլխավերևում պետության զինանշանն է, իսկ դատավորների դահլիճ մտնելուց ոտքի են կանգնում, դրանով ճանաչելով պետությունը։

«Այդ ամենը լոկ արարողակարգ չի, դա պետության ճանաչման ակտ է։ Կառավարության անդամն ոչ միայն հրաժարվում է ճանաչել Հայաստանի Հանրապետությունն, այլև պնդում է, որ ժողովրդի մեծ մասը նույնպես չի վստահում իր պետականությունը։

Հ.Գ. Աբսուրդ է, որ նույն այդ անձը, հրաժարվելով վստահել Հայաստանի դատական համակարգին, կոչ է անում մարդկանց վերադառնալ Հայաստան ու կանգնել այդ նույն անվստահելի դատարանի առջև»,- գրառման վերջում նշել է Դանիելյանը։