Կորոնավիրուսից առաջ և հետո սպիրտի, ալկոգելի գնային փոփոխություններ չեն եղել, իսկ ֆինանսական համակարգը կայուն է. վարչապետ

12:51 • 17.03.20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձավ շուկայի վիճակին և նշեց, որ խոսվում է այն մասին, որ սպիրտի գինն անտրամաբանական աճ է արձանագրել: «Ես ուզում եմ ասել, որ սպիրտի գնի աճը կապված է հարկային օրենսդրության փոփոխության հետ, քանի որ փոխվել է սպիրտի նվազագույն արժեքը։ Եվ կորոնավիրուսից առաջ, և հետո գնային փոփոխություն չի եղել: Ինձ զեկուցել են, որ ալկոգելերի գնային փոփոխություն կորոնավիրուսից առաջ և հետո չի եղել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նպարեղենի գնի աճին, ապա վարչապետն ասաց, որ դա կապված է այն  փաստի հետ, որ մարդիկ ճգնաժամային և խուճապային գնումներ են կատարել, և կոչ արեց այդպիսի գնումներ չանել, քանի որ խանութները և ցանցերը որևէ ապրանքի պակասություն պահեստներում չունեն:

«Ինձ ասում են, որ խոշոր սուպերմարկետների ցանցերի առևտուրը աճել է 30-40 տոկոսով, իսկ փոքր կրպակների առևտուրը քչացել է»,-ասաց վարչապետը և քաղաքացիներին կոչ արեց, որ փոքր և միջին բիզնեսի մասին մտածել, քանի որ ապրանքներ են կուտակված փոքր խանութներում:

Անդրադառնալով ֆինանսական շուկային՝ նա ասաց, որ վիճակը կայուն է: «Մեր ֆինանսական համակարգը շատ ուժեղ է, շատ կայուն է, մանավանդ անցած տարվա ցուցանիշներից հետո, երբ մեր պահուստները հասցրել են աննախադեպ բարձր ռեկորդային մակարդակի, և Կենտրոնական բանկն էլ աննախադեպ մեծ քանակի արտարժույթ է գնել: Այնպես որ, այստեղ խնդիր չենք ունենալու»,-ասաց նա:

Խոսելով տնտեսական քաղաքականությունից՝ վարչապետընասաց, որ շտապողական քայլեր չեն ցանկանում անել: «Ես տնտեսական նպաստի տրամաբանությանը դեմ եմ։ Մենք ամեն ծախսվող լումայի հիմքում պետք է դնենք զարգացման ծրագիր և համոզված լինենք, որ այդ աջակցության արդյունքում բիզնեսը դառնալու է ավելի մրցունակ, ուժեղ: 2017-2019 թթ․ արդյունքներով Հայասատանը կուտակել է շատ մեծ պոտենցիալ տնտեսական ռեստարտ իրականացնելու հնարավորություն, և դա կօգտագործվի, որ մենք այս իրավիճակից դուրս գանք ավելի ուժեղացած տնտեսական իրավիճակով»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ քննարկումներ կան, թե ինչպես աջակցել տնտեսությանը, որ շահած դուրս գա, և այդ մասին պլանը գծագրրված է, պատկերացումների առումով պատրաստ է:

«Հանրապետությունում հանդարտ է վիճակը, իհարկե անհանգստացած ենք, բոլորս ենք անհանգստացած, բայց մեր փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսը կառավարելի է և պետք է հաշվի առնենք բոլոր ռիսկերը: Կոչ եմ անում այս հանդարտությունը և հանգստությունը պահել, բոլոր ուղղություններով վիճակը կայուն է, և պետք է պայմանավորվենք, որ այս ճգնաժամը մեզ համար զրոյական կետ  է, որի վրա նոր իրականություն պետք է կառուցենք»,-ասաց նա:

Վարչապետը վստահություն հայտնեց, որ այս իրավիճակից հաղթած ենք դուրս գալու և միասնական: Նա կարևորեց, որ քաղաքացին տեսնում է հարգանք իր նկատմամբ: «Մեզ կորոնավիրոսով չեն վախեցնի, և կորոնավիրուսը մեզ չի վախեցնի, և ընդհանրապես մեզ ոչ մեկը, ոչնինչ չի վախեցնի»,-հավելեց նա: