Հուսամ՝ ՊԵԿ-ին կհորդորեք, որ այս արտակարգ դրության պայմաններում ստուգումները գոնե ժամանակավորապես դադարեցնեն․ Մանե Թանդիլյան
Կենտրոնական բանկը, բանկերի միությունը և վարկային կազմակերպությունների միությունն այսօրվա փակ նիստի ընթացքում հանդես եկան հայտարարությամբ, համաձայն որի՝ ֆինանսական կառույցներին կոչ է արվում հատկապես խոցելի ոլորտների վարկառուների վարկերի մարումների մասով տալ լուծումներ, մասնավորապես՝ ժամկետի երկարաձգում, գրաֆիկի փոփոխություն, մարման հետաձգում, հաշվի առնելով նաև վարկառուի անհատական հանգամանքները։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացում ասաց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը։
Նրա խոսքով՝ արդեն բազմաթիվ բանկեր և վարկային կազմակերպություններ հանդես են եկել համապատասխան նախաձեռնությամբ։ Բանկերի և վարկային կազմակերպությունների միությունները հայտնեցին, որ եթե ոչ բոլոր, ապա գործող բանկերի և վարկային կազմակերպությունների մեծ մասը պատրաստ են իրականացնել այս հակաճգնաժամային միջոցառումները։
«Հույս եմ հայտնում, որ նրանցից նույնպես համանման հայտարարություններ կլինեն և պարբերաբար տեղեկություն ենք ստանում, որ բանկերը և վարկային կազմակերպությունները քննարկում են և, հավանաբար, համարժեք գործողությունների կդիմեն»,- ասաց Թանդիլյանը։
Նրա խոսքով՝ ԿԲ-ն հավաստիացրել է, որ նման խոցելի իրավիճակում հայտնված անձինք՝ այսպես կոչված սև ցուցակում հայտնվողները, այս պարագայում չեն հայտնվի այդտեղ, քանի որ ԿԲ-ն իրականացնում է նորմատիվ կարգավորումների թուլացում, որը հնարավորություն է տալիս բանկերին և վարկային կազմակերպություններին իրականացնել նշված միջոցառումները։
«Այս իրադարձությունների համատեքստում բանկերը պարտավոր են նաև պաշտպանել ավանդատուների շահերը, հետևաբար, ֆինանսական կառույցները պետք է ունենան ճկունություն և հնարավորություն կառավարելու իրեն կառույցին հատուկ ռիսկերը։ Բանկերը պետք է ունենան անհատական որոշումներ կայացնելու հնարավորություն։
Այս պահին առկա գործողությունները գնահատում եմ բավարար, ամենօրյա ռեժիմով պատրաստվում ենք մոնիտորինգի ենթարկել և սա համարում եմ կարևոր»,- ասաց Թանդիլյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի ֆինանսական կայունությանն այսօր որևէ վտանգ չի սպառնում , քանի որ բանկերը ունեն ավելի քան բավարար միջոցներ ապահովելու ֆինանսական իրացվելիությունը և անխափան սպասարկելու հաճախորդներին։
«Պարոն վարչապետ ինչքան էլ ինձ հետ չհամաձայնվեք, բայց հստակ գործողությունները, որոնք կոնկրետ են ու չափելի, մենք Ձեզ հետ պետք է կարողանանք հրապարակել։ Օրինակ՝ կարողանանք ասել, որ հակաճգնաժամային գործողություններին կառավարությունը պատրաստ է տնտեսություն ներարկել, ասենք 200 կամ 300 միլիարդ։ Նման որոշումների կայացումն ամեն օր առարկայական է և սրա հետաձգումն ավելի է խորացնելու այն տնտեսական ճգնաժամը, որն անխուսափելիորեն ունենալու ենք և դրանից պետք չէ խուսափել կամ չխոսել։ Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ կառավարությունը սպասում է դեպքը պատահի ու նոր արձագանքի, այս որոշումներն ու քննարկումները կարող են ի վերջո դրան հանգեցնել»,- ասաց Թանդիլյանը։
Նա հորդորեց կառավարությանը հարկային արձակուրդների մասին այսօր արդեն հրապարակեն որոշումներ՝ եթե ունեն նման քննարկումներ, հատկապես հյուրանոցային բիզնեսի վերաբերյալ, հանրային սննդի, հարակից բոլոր ոլորտների, տուրիզմի վերաբերյալ։
«Այսինքն՝ մենք պետք է հստակ իմանանք, որ կառավարությունը պատրաստ է խոցելի ոլորտներին, որոնք այսօր արդեն հասկանալի է, որոնք են , շոշափելի աջակցություն ցուցաբերեն։ Հույս ունեմ, որ ՊԵԿ-ին կհորդորեք, որ այս արտակարգ դրության պայմաններում ստուգումները գոնե ժամանակավորապես դադարեցնեն»,- ընդգծեց Թանդիլյանը։










