«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը պաշտպանիչ միջոցներ են տրամադրել բնակչության առավել խոցելի խմբերին․ ՀԷՑ մամուլի խոսնակ
Հայաստանի Հանրապետությունում գործող տարեցների շուրջօրյա խնամքի թվով 5 խնամքի կենտրոնները, ինչպես նաև Էջմիածնի քաղաքապետարանն այսօր ապահովվել են որոշակի քանակության դիմակներով, ձեռնոցներով, ալկոգելերով ու ախտահանիչ միջոցներով:
Ելնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներից և հատկապես խոցելի խմբերին պաշտպանելու նպատակով՝ ՙՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերությունն ու ՛՛Տաշիր՛՛ բարեգործական հիմնադրամը անհրաժեշտ պարագաներ են տրամադրել Երևանի Նորքի և թիվ 1 տուն-ինտերնատներին, Գյումրու և Վարդենիսի տուն-ինտերնատներին, ինչպես նաև ՛՛Վանաձորի տարեցների տուն՛՛ հիմնադրամին:
՛՛Կորոնավիրուսի խնդիրը համընդհանուր է և, կարծում եմ, մեզնից յուրաքանչյուրը պետք է մտածի, թե ինչով և ում կարող է օգնել: Այսօր անհրաժեշտ է աջակցել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Առողջություն բոլորիս՚՚, - նշում է ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերության կորպորատիվ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանը:










