Արսեն Թորոսյանը խելք ու բարոյականություն ունենար՝ արտակարգ դրության առաջին օրը չէր խոսի դատարանում Արա Մինասյանին պարտվելու մասին. կարծիքներ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ խոսել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանի` իր դեմ դատական հայցի մասին, որով Մինասյանը պահանջել էր հերքել Արսեն Թորոսյանի հրապարակային արտահայտությունները:
Վճռաբեկ դատարանը հօգուտ Արա Մինասյանի վճիռ է կայացրել՝ Արսեն Թորոսյանին պարտադրելով հերքել զրպարտություն պարունակող տեղեկությունը: Թորոսյանը, սակայն, հրաժարվել է կատարել վճռաբեկ դատարանի որոշումը՝ նշելով, թե չի վստահում դատական համակարգին:
ՀՀ-ում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված հայտարարված արտակարգ իրավիճակի օրերին ֆեյսբուքյան իր էջում նման հայտարարությամբ հանդես գալը քննարկվել ու քննադատվել է համացանցում:
Հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը, օրինակ, անդրադառնալով տեղի ունեցածին, գրել է. «Խոսքը այս դեպքում Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող հայտնի երևույթի մասին է, որի ուղիղ մեղքով, ռիսկի գնահատման անկարողության ու իրավիճակը ինքնահոսի թողնելու հետևանքով հարյուրավոր մարդիկ մեկուսացված ու մի քանի տասնյակ էլ վարակված են կորոնավիրուսով։ Հիմա սա գործը թողած թեմա է դարձրել դատարանի վճիռը, որով նրան պարտավորեցրել են իր դուրս տվածի համար ներողություն խնդրել պրոֆեսոր Արա Մինասյանից»:
Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Արսեն Թորոսյանը, որ կոպեկի խելք ու մի փոքր բարոյականություն ունենար, ապա արտակարգ դրության առաջին իսկ օրը դատական ատյաններում Արա Մինասյանին պարտվելու մասին չէր խոսի: Կսպասեր, արտակարգ դրությունը կանցներ, հետո կխոսեր կամ չէր խոսի: Հավատացեք, մահացու համաճարակի պայմաններում որևէ մեկի մտքով չէր անցնելու շահարկել, որ Առողջապահության նախարարը դատական ատյաններում պարտվել է և ցնդաբանություններ դուրս տալու համար պարտավոր է ներողություն խնդրել»:
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Կորոնավիրուսի տարածման պատճառով հայտարարված ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ պայմաններում, երբ օրական արդեն մի քանի տասնյակ նոր վարակում է հայտնաբերվում, երբ տնտեսությունը միլիարդների վնաս է կրում, երբ րոպե առ րոպե իրավիճակ է փոխվում, գիտե՞ք ինչով է զբաղված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը»,-գրել է նա՝ հավելելով, որ այս պահին Արսեն Թորոսյանը զբաղված է Միքայել Մինասյանի հոր՝ Արա Մինասյանի հետ ունեցած անձնական խնդիրներով։










