Տեխնիկական սպասարկման, ինչպես նաև հեռահաղորդակցության ապահովման՝ թե՛ ինտերնետի, թե՛ բջջային ծառայությունների տեսանկյունից մենք որևէ խնդիր չունենք. Հակոբ Արշակյան (տեսանյութ)

20:56 • 17.03.20

ՀՀ-ում արտակարգ դրության ընթացքում հեռահաղորդակցության ոլորտում որևէ խնդիր չենք ունենա: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Այսօր հանդիպում ենք ունեցել հեռահաղորդակցության ոլորտի մեծ ընկերությունների հետ և հավաստիացել ենք, որ տեխնիկական սպասարկման, ինչպես նաև հեռահաղորդակցության ապահովման՝ թե՛ ինտերնետի, թե՛ բջջային ծառայությունների տեսանկյունից մենք որևէ խնդիր չունենք: Այն խոցելի տեխնիկական օղակները, որոնցում հնարավոր են որոշակի ռիսկեր, ամբողջությամբ բացահայտված են, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի մասնագետների փոխարինելիություն ապահովվի»,-հայտարարեց նախարարը:

Նա հայտնեց նաև, որ ռադիո և հեռուստահաղորդումների տարածման տեսանկյունից ևս որևէ խնդր չի լինի՝ ոլորտի բոլոր ռիսկերը կառավարելի են:

Անդրադառնալով սպասարկման կենտրոններին՝ նախարարը նշեց, թե որոշակի սահմանափակումներ կան՝ հաշվի առնելով թե՛ բնակիչների, թե՛ աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի տարածմանը չնպաստելը: Արշակյանը հավելեց, որ որոշ կենտրոնական հատվածներում սպասարկող գրասենյակներ կան:

Վճարումների մասին խոսելով՝ նախարարը նշեց, թե բջջային բոլոր օպերատորներն ունեն առցանց վճարման հնարավորություններ:

Անդրադառնալով փոստային բաժանմունքների աշխատանքին՝ նախարարը նշեց, որ աշխատանքի ընդհատումներ կամ խափանումներ չեն լինի, բաժանմունքները կգործեն ըստ իրավիճակների: «Բաժանմունքում գտնվողների թիվը սահմանափակվելու է, կատարվելու է ախտահանում: Այն դեպքերում, երբ անհրաժեշտ կլինի կոնսաթոշակներն ու սոցիալական վճարները հասցնել բնակիչներին, կհասցվեն տներ»,-ասաց նա:

Արշակյանը տեղեկացրեց նաև, թե գիտնականներից, տվյալագետներից, ՏՏ մասնագետներից կազմված աշխատանքային խումբ է ստեղծվել, որի նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կորոնավիրուսի տարածման օջախների քարտեզագրման, մարդկանց տեղաշարժերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, տարածման գոտիների և այլ տեղեկությունների համադրման արդյունքում կորոնավիրուսի ընդհանուր հավանական տարածման մոդելավորման իրականացումը:

Նախարարը ներկայացրեց առցանց վճարման համակարգերը՝ քաղաքացիներին կոչ անելով օգտվել դրանցից։ Նա ընդգծեց նաև, որ բավականին թվով ընկերություններ անցել են առցանց աշխատանքի ռեժիմի: