«Երկնքից թափվող սմբուկներ»․ Իրանի ոստիկանությունը 5 մարդ է ձերբակալել հումորային տեսանյութի պատճառով (տեսանյութ)
Իրանի ոստիկանությունը հինգ մարդ է ձերբակալել հումորային տեսանյութի պատճառով, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ տեսանյութում երևում է՝ ինչպես են Թեհրանի տարբեր հատվածներում երկնքից սմբուկներ թափվում:
«Երեկ սոցիալական ցանցերում հրապարակվել է տեսանյութ, որում ցուցադրվում է, թե ինչպես են մայրաքաղաքի տարբեր հատվածներում երկնքից սմբուկներ թափվում: Ոստիկանությունն անմիջապես պարզել և ձերբակալել է տեսանյութի հեղինակներին»,-ասել է Թեհրանի ոստիկանության ներկայացուցիչը:
«Նրանք պնդել են, որ հետազոտություններ են անցկացրել հատուկ էֆեկտների ոլորտում, սակայն այդ տեսահոլովակներից մեկը պատահաբար հրապարակվել է առցանց հարթակում» - ասել է Ալի Զոլգադրը՝ հավելելով, որ տեսանյութի հեղինակները ոչ մի կոնկրետ խմբի կամ շարժման չեն պատկանում:
Գործակալությունը չի հստակեցրել, թե ինչ հանցագործության մեջ են մեղադրվում կալանավորված տղամարդիկ ։
Ըստ որոշ աղբյուրների՝ տեսանյութն արվել է Կանադայում բնակվող և Հոլիվուդում աշխատող իրանցու կողմից։
«Նա Իրան է ժամանել մասնակցելու հոր հուղարկավորությանը, սակայն նրա հակառակ չվերթը չեղարկվել է կորոնավիրուսի բռնկման պատճառով, և այժմ նա փորձում է զվարճանալ»,-հավելել է գործակալությունը:










