Լեսբոս կղզու փախստականների ճամբարում հրդեհի հետևանքով երեխա է մահացել
Հունաստանի հրշեջ ծառայության տվյալներով` Լեսբոս կղզում տեղակայված փախստականների «Մորիա» ճամբարում առաջացած հրդեհի հետևանքով երեխա է մահացել, գրում է The Guardian պարբերականը:
Հրդեհը բռնկվել է ճամբարի բնակավայրերից մեկում և տարածվել է քամու միջոցով:
Երեխայի ինքնությունը չի պարզվել:
Ճամբարում ապրող աֆղանստանցի Ազիզը պատմել է դեպքի մասին:
«Այդ ժամանակ ես ճամբարում չէի, բայց իմ ընտանիքն ապրում է հրդեհին հարակից բնակավայրում: Երբ ես լսեցի, որ հրդեհ է բռնկվել, փորձեցի վերադառնալ, բայց այնտեղ շատ մարդիկ կային, որոնք խուճապահար փախչում էին: Ես շոկի մեջ էի, փնտրում էի ընտանիքս: Գնացի բնակավայր, սակայն այնտեղ արդեն ոչ ոք չկար: Գտա ընտանիքս, բայց դա ահավոր զգացում էր, իմ ընկերներից մեկը չէր կարողանում շնչել ծխից: Հիմա նրանք արդեն լավ են»,-պատմել է փախստականը:
Ըստ ներկայացված տվյալների ճամբարում ապրում է 19 343 մարդ:










