Շատ մարդիկ վարակված են կորոնավիրուսով, բայց չեն էլ կռահում, շատերն էլ բուժվել են, բայց չգիտեն էլ, որ վարակված են եղել. վարչապետը շրջեց սուպերմարկետներում, դեղատներում (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքան ուղիղ եթերում շրջայց է իրականացնում սուպերմարկետներում:
«Այս ընթացքում բազմաթիվ մարդիկ վարակված են կորոնավիրուսով, բայց չեն էլ կռահում: Բազմաթիվ մարդիկ բուժվել են, բայց չգիտեն էլ, որ վարակված են եղել: Եթե մի անգամ վարակվել են և ապաքինվել, նշանակում է՝ առաջիկա շրջանում չեն վարակվի»,-մինչ սուպերմարկետներ մտնելը՝ ասաց նա:
«Մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը կորոնավիրուսի նկատմամբ և նրան վերաբերվենք որպես մի հիվանդություն, որը վտանգավոր է տարեց մարդկանց համար»,-նշեց վարչապետը՝ հիշեցնելով նաև, որ կորոնավիրուսով վարակման նոր դեպքերը գրեթե ամբողջությամբ «Էջմիածնի» և «արտադրամասի» դեպքերի ճյուղերն են:
Սուպերմարկետում վարչապետը ցուցադրեց դարակաշարերը՝ նշելով, թե ոչնչի պակաս չկա: Նա վաճառողից հետաքրքրվեց նաև, թե արդյո՞ք նախորդ օրվա համեմատ գնորդների թվի նվազում եղել է, ինչին ի պատասխան՝ վաճառողն ասաց, թե այսօր գրեթե 20 տոկոսով նվազել են գնումները:
Մեկ այլ խանությում ևս նշեցին, թե երեկ մեծ աշխուժություն է եղել, բայց այսօր արդեն նվազել են գնումները:
Վարչապետն այցելեց նաև մի քանի դեղատներ, որոնց մի մասում չկար ալկոգել, բժշկական սպիրտ, դիմակ:
Այդ ընթացքում վարչապետին միացավ նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ով տեղեկացրեց, թե վաղը 12-ին բրիֆինգ կկայանա, որի ընթացքում վերջինս հանդես կգա հայտարարությամբ:










