Տղամարդը բեյսբոլի խաղին մարզադաշտում ավելի լայն տարածություն ունենալու համար պատվիրել է 1873 տեղ, հետո չեղարկել պատվերը
Ճապոնացի տղամարդը լուրջ քննադատությունների ու մեղադրանքների է արժանացել բեյսբոլի սիրելի ակումբին լուրջ ֆինանսական խնդիրների առաջ կանգնեցնելուց հետո: Նա ակումբի առաջիկա երկու խաղերին ազատ տեղեր ունենալու և հեռուստաընկերությամբ երևալու համար ստադիոնում ամրագրել է գրեթե 1900 տեղ, հետո չեղարկել ամրագրումը: Այս մասին գրում է odditycentral.com կայքը:
Ճապոնական Օսակա քաղաքի Orix Buffaloes բեյսբոլի ակումբի 41-ամյա երկրպագու Կիյոսի Շիբամուրան մտածել էր հանճարեղ, բայց թանկարժեք պլան` անցյալ տարվա սեպտեմբերին իր սիրելի թիմի խաղերին հետևելու համար:
Հեռուստատեսությամբ աչքի ընկնելու համար նա համացանցում 1873 կեղծ անուններ էր ստեղծել և այդ անուններով տեղեր էր ամրագրել մարզադաշտում: Հետագայում արդեն համոզվելով, որ ոչ ոք այլևս չի կարող պատվիրել այդ տեղերը, գրանցման ավարտից անմիջապես հետո նա հանել է բոլոր ամրագրումները, բացի իր սեփականից:
1873 դատարկ տեղերը անսովոր չէին Orix Buffaloes ակումբի համար, այն ճապոնական լիգայի ամենացածր վարկանիշ և ամենաքիչ երկրպագուներ ունեցող ակումբներից մեկն է, սակայն այդ խաղերը յուրահատուկ էին, ակումբի մրցակիցներն այդ խաղով կարող էին շահել ազգային տիտղոսը, այդ իսկ պատճառով խաղի տոմսերի արժեքը բավական բարձր էր:
1873 տեղերի ամրագրման չեղարկումը ճապոնական ակումբին հասցրել է 105 000 դոլարի վնաս, ինչը լուրջ գումար է նման համեստ ակումբի համար: Իրավիճակը պարզելու համար ներքին հետաքննություն է սկսվել, մեղավորին հեշտությամբ գտել են:
Հեռուստատեսությամբ խաղը դիտելիս հեշտությամբ կարելի էր նկատել մարզադաշտի դատարկ հատվածը, որտեղ միայնակ նստած էր Շիբամուրան: Առերեսվելով իր ներգրավվածության ապացույցների հետ` երկրպագուն չի էլ փորձել հերքել, որ այդ ամենը ինքն է արել:
«Ես ցանկանում էի խաղը դիտել հարմարավետ, շուրջս առանց մարդկանց ներկայության: Ես ցանկանում էի աչքի ընկնել»,- ասել է Շիբամուրան ոստիկանությանը:
Շիբամուրայի պատիժը դեռևս չի որոշվել, բացի տուգանքից նրան հնարավոր է ազատազրկում սպառնա:










