Կամբոջայի ջունգլիներում մոլորված կանադացի զբոսաշրջիկներին փրկել է տեղանքում անսպասելի հայտնված շունը
Կամբոջայի Ռոնգ կղզում կանադական Վանկուվերից ժամանած երկու զբոսաշրջիկի փրկել է տեղանքում անսպասելի հայտնված շունը: Զբոսաշրջիկները մոլորվել են ջունգլիներում և խուճապի մատնվել: Այս մասին գրում է Unilad-ը:
Իլի Յանգն ու նրա սիրեցյալը՝ Յանիկը, ճանապարհորդելիս են եղել Կամբոջայում և ասիական մի շարք երկրներում՝ տեղի ճաշատեսակները համտեսելու և Յանիկի ուտեստների խանութի համար նոր բաղադրատոմսեր ձեռք բերելու նպատակով: Որոշելով մի փոքր կտրվել գործից՝ զույգը ծրագրել է զբոսնել ջունգլիներում և մոլորվել է:
Մեկ ժամից ավել ճանապարհը չգտնելուց հետո նրանք խուճապի են մատնվել, երբ անսպասելի հայտնվել է մի շուն: Նա շարժել է պոչն ու զբոսաշրջիկներին հասկացրել, որ հետևեն իրեն: Հասկանալով, որ կորցնելու բան չունեն, Իլին և Յանիկը հետևել են շանը, որն էլ նրանց դուրս է բերել գլխավոր արահետ:
«Զարմանալի է, որ շունը փրկեց մեզ: Ուզում եմ հավատալ, որ նա իսկապես հասկանում էր, որ մենք օգնության կարիք ունենք և եկել էր մեզ փրկելու»,- ասել է Իլին և նշել, որ որպես շնորհակալություն իրենք շոյել են շանն ու նրան ջուր հյուրասիրել:










