Արցախի խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների մեջ կա ինքնորոշման սկզբունքը, որը հայկական կողմերի համար առաջնային, գերակա տարրն է. Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ)
Արցախի հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքների մեջ գոյություն ունի ինքնորոշման սկզբունքը, որը հայկական կողմերի համար առաջնային, գերակա տարրն է: Այս մասին Կառավարության մամուլ կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուիսի ժամանակ հայտարարեց Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ըստ որի, բանակցային սեղանին դրված է փուլային կարգավորման տարբերակը:
«Դա մենք բազմիցս կոչել ենք անվտանգություն և ստատուս, և ես ավելի բաց կերպով ասում եմ դա, որ ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է ստատուսի հստակեցում, ազատ կամարտահայտության իրավունքը` առանց սահմանափակումների»,- ասաց նա:
Ըստ Զոհրաբ Մնացականյանի` խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով, իսկ զիջումներ չեն եղել և չեն լինելու:
«Հայկական կողմերը որևէ դեպքում երբևէ չեն ստանձնելու որևէ նման մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում, Լեռնային Ղարաբաղի բնակչության համար սպառնալիքի ստեղծում, առավել ևս, որ այդ պայմաններում, որ այդ սպառնալիքը մնում է ռեալ, էքզիստենցիալ, և հայկական կողմի համար առավել քան առաջնային է ինքնորոշման սկզբունքի արտահայտումը բանակցային գործընթացում: Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերըը տեսնում են լիարժեք արտահայտություն անվտանգության և ստատուսի տարրերի»,- ասաց նա` հավելելով, որ դա եղել և այս երկու տարիների ընթացքում մնում է հայկական կողմի մոտեցումը: Նրանք, ըստ Մնացականյանի, այդ սկզբունքների մասին խոսում են բանակցությունների ժամանակ:
«Եթե որևէ մեկը ենթադրում է, որ մենք բանակցությունների ժամանակ կարող ենք մի բան անել, և որևէ այլ բան խոսել հասարակության հետ, խորապես սխալվում է: Նման բան չի եղել և չի լինելու: Նման բան տրամաբանորեն չի կարող լինել, որովհետև Հայաստանի որևէ ներկայացուցիչ չի կարող նման բան անել»,- ասաց նա:
ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող երրորդ կարևոր տարրը, ըստ նրա, այն է, որ հայկական կողմը մշտապես նշել է, որ իր պատասխանատվությունն է կրում և ամբողջովին ներգրավված է բանակցային գործընթացում իր մասով և իր մասով ամբողջովին տանելու է այդ գործը:
«Միևնույն ժամանակ Հայաստանի իշխանությունները չունեն մանդատ Արցախի ժողովրդից ստացած: Արցախում վերջերս ավարտվեցին նախագահական և խորհրդրանական ընտրությունները, Արցախի իշխանությունները ստացան համապատասխան մանդատը` մրցակցային, ազատ, ժողովրդավարական ընտրությունների միջոցով, և եթե կհիշեք, այս երկու տարիների ընթացքում անվերապահ հայաստանյան կողմը մշտապես աշխատել է խորհրդակցել է արցախյան կողմի հետ, և բոլոր այս հարցերը, ինչի մասին ես խոսում եմ, մանրամասն քննարկվել է արցախյան կողմի հետ: Մենք աշխատում ենք միասին, և նույնը շարունակվել է նոր իշխանությունների հետ, որոնց հետ մենք ունենք երկխոսություն»,- ասաց նա:
Որևէ որոշում, ըստ նախարարի, որը վերաբերում է Արցախի ժողովրդին, չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի: «Սրանք հստակ սկզբունքներն են, որոնցով հայաստանյան կողմն աշխատում է այս բանակցային գործընթացում,- ասաց նա` նշելով, որ իր գործընկերը ներկայացրել է իր մոտեցումը, ինքն էլ ներկայացնում է իրենը,- մենք աշխատել ենք շատ հետևողականորեն»:
Զոհրաբ Մնացականյանը ևս մեկ տարր ավելացրեց. «Այս գործընթացը չունի այլընտրանք, քան խաղաղ կարգավորումն է, որովհետև հայկական կողմերը վճռականորեն պաշտպանելու են իրենց ժողովրդին, իրենց անվտանգությունը: Այդ առումով միայն ու միայն խաղաղ կարգավորման միջոցով է հնարավոր հասնել հանգուցալուծման: Մենք մնում ենք հավատարիմ այս սկզբունքին և շարունակելու ենք պնդել այս սկզբունքները»,- ասաց նա:
Նախարարը մատնանշեց, որ երեկ եղել է վիդեոկոնֆերանս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նա նաև տեղեկացրեց, որ այսօր հավանաբար կկայանա վիդեոկոնֆերանս բոլոր կողմերի` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարնռրի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներգրավվածությամբ:
«Այսօրվա մեր գերակա խնդիրը վերաբերում է մեկ բանի` երբ մեր երկրները, տարածաշրջանը, ամբողջ աշխարհը կենտրոնացած է կորոնավիրուսի դեմ պայքարի վրա, զինադադարի պահպանումը, որևէ ռիսկերի բացառումն այս պայմաններում առավել քան գերակա խնդիր է, և մենք բնականաբար աշխատելու ենք այս ուղղությամբ: Մնացած հարցերը` հետո»,- ասաց նա:










