2018-ին Փաշինյանը հայտարարում էր ԼՂ հիմնախնդրում բեկում մտցնելու և կարգավորման գործընթացը թափանցիկության նոր մակարդակի հասցնելու մասին, բայց ո´չ մեկը, ո´չ էլ մյուսը չեն իրականացել. Նիկոլայ Բանին

21:45 • 29.04.20

Ակնհայտ է, որ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հայտարարությունը  Երևանում անորոշ իրավիվիճակ է ստեղծել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանում գործող «Կովկաս» աշխարհաքաղաքական ակումբի տնօրեն Նիկոլայ Բանինը: Նա նկատեց, որ դա առաջին հերթին ակնհայտ դարձրեց այն հապճեպությունը, որով կազմակերպվեց Հայաստանի արտգործնախարարի ասուլիսը:

«Դրա հետ մեկտեղ ակնհայտ է, որ նրա ելույթը ավելի շատ հարցեր թողեց, քան պատասխաններ հնչեցին: Դրանց պետք է պատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ 2018-ին նրա  իշխանության գալու ոչ պակաս կարևոր տարրերից էին բարձրագոչ հայտարարությունները՝ Ղարաբաղյան հիմնախնդրում բեկում մտցնելու և նաև հիմնախնդրի կարգավորման գործընթացը թափանցիկության նոր մակարդակի հասցնելու մասին: Ինչպես տեսնում ենք՝ ո´չ մեկը, ո´չ էլ մյուսը չեն իրականացել: Կարելի՞ է վստահ լինել, որ նման հռետորիկան պոպուլիստական է: Կարծում եմ՝ դա պետք է որոշի հայ ժողովուրդը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հիմա ԼՂ հիմնախնդրի բանակցային սեղանին քննարկվում է կարգավորման փուլային տարբերակը, ինչը հայկական կողմը միշտ դեմ է եղել:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, դրա ի պատասխան նշել էր, որ հայկական կողմերի համար ընդունելի չէ կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի առանց որևէ սահմանափակման իրականացումը և կարող է սպառնալ Արցախի ժողովրդի անվտանգությանը։ «Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները»,- ասել էր նա:

Նիկոլայ Բանինը նկատեց, որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործընթացում ՀՀ այս իշխանությունների՝ ամբողջապես ձախողման մասին  չի կարող խոսել, բայց ամեն դեպքում նշեց, թե գաղտնիք չէ, որ այսօր Երևանի և Ստեփանակերտի հարաբերություններում էլ նկատվում է որոշակի դիսոնանս:

«Այդ մասին առաջին հերթին վկայում է այն փաստը, որ Փաշինյանի կողմից առաջ քաշված «հեղափոխության» նոր էլիտայի ներկայացուցիչները (որոնց բնորոշ է ակտիվորեն հակառուսական հռետորիկա շահարկելը և որոնք փոխկապակցված են Սորոսի հիմնադրամի հետ - Ն. Բ.) գործնական մասնակցություն են ունեցել Լեռնային Ղարաբաղի նախընտրական քարոզարշավում և չեն թաքցրել իրենց համակրանքը Մասիս Մայիլյանի նկատմամբ, որը, իմիջայլոց այդպես էլ չկարողացավ ստեղծել ընտրողների վստահությունը և զբաղեցնել նախագահի պաշտոնը»,- ասաց նա:

Ռուսաստանցի վերլուծաբանը ցավով նշեց, որ հայ-ռուսական հարաբերություններն այն պահից, երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանության փոփոխության կոնֆիգուրացիա, հայտնվեցին «հեղափոխական» իշխանության հռետորիկայի հարվածի տակ. այդպես նրանք փորձում էին պահել և ամրացնել իրենց սեփական իմիջը:

«Դրա վառ օրինակը Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակն է: Այդ շարքը լրացում են ռուսական ընկերությունների դեմ հարուցված քրեական գործերը: Դրանց հետ կապված կա՞ ինչ-որ կոնկրետություն կամ շրջադարձ. իմ կարծիքով՝ ոչ»,- ասաց նա և նկատեց, որ, այնուամենայնիվ, կա հռետորաբանություն, որի հետևում ընկած է գործունեության իմիտացիա, որն ուղղված չէ միևնույն ժամանակ արդյունքի հասնելուն: Բացի այդ, ըստ նրա, ուշագրավ են հայ-ռուսական հարաբերություններում առկա ցավոտ հարցերը:

«Ես նկատի ունեմ ամերիկյան ֆինանսավորմամբ Հայաստանում գործող բիոլաբորատորիաները: Այս ուղղությամբ մենք մեծ ակտիվություն նկատեցինք. հայտարարվում էր ռուս մասնագետներին այնտեղ ընդունելու մասին, մշակվում էին նախագծեր՝ այս հարցի վերաբերյալ հուշագիր ստորագրելու համար: Մենք ամեն ինչ տեսել ենք՝ պատկերները, հայտարարությունները, բայց աշխատանքի կոնկրետ պտուղ, որը պետք է վերածվեր այդ մասին հայ-ռուսական հուշագրի, չտեսանք, ինչպես չտեսանք այդ օբյեկտների գործունեության մասին թափանցիկության մակարդակի բարձրացում»,- ասաց նա՝ նկատելով, որ հիմա էլ մենք միասին ունենք սպառնալիքներ՝ COVID-19-ի դեմ պայքարում:

Վերադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի թեմային և պատասխանելով հարցին, թե ինչ տպավորություն է ստանում՝ ՀՀ իշխանություններն ունե՞ն կարգավորման սեփական հեռանկարը, Նիկոլայ Բանինը նշեց. «Անկեղծորեն կուզեի դրան հավատալ: Դեռևս մենք չենք տեսնում որևէ բան, որը չի տեղավորվում ամենօրյա պոպուլիզմի տրամաբանության մեջ: Հուսով եմ, որ վարչապետն ինքը կարող է ցրել այդ վախերը, համենայն դեպս տեղի ունեցածի տրամաբանությամբ, հայ ժողովուրդն իրավունք ունի ստանալու պատասխաններ»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան