Առողջապահական ոլորտում խորը ճգնաժամ է, համավարակն ավելի ակնառու դարձրեց այս իշխանությունների անկարողությունը․ Արա Հակոբյան (տեսանյութ)

20:43 • 10.06.20

Համավարակը ակնառու դարձրեց այս իշխանությունների անկարողությունը:  Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը:

«Մենք գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ և այն բազմաբնույթ է: Եթե ընդհանրացնենք, ապա այն առաջին հերթին համավարակի հետ է կապված, այսինքն՝ առողջապահական ոլորտում խորը ճգնաժամ է, երկրորդը՝ ունենք սոցիալ-տնտեսական խնդիրներ, իսկ երրորդը՝ անվտանգային է: Նույնիսկ եթե չլիներ համավարակը, միևնույն է, գործող իշխանությունները երկիրը քայլ առ քայլ տանում էին խորը ճգնաժամի, պարզապես համավարակը ավելի ակնառու դարձրեց այս իշխանությունների անկարողությունը»,-նշեց Արա Հակոբյանը:

Անդրադառնալով ուժային կառույցներում վերջին փոփոխություններին՝ Հակոբյանը նկատեց, որ այդ փոփոխությունները ոչ թե պետական շահի, այլ վարչապետին նվիրված անձանց բերելու համար են:

«Շատ հետաքրքիր են ԱԱԾ-ում և Ոստիկանությունում վարչապետի ելույթը: Փաշինյանը չի ասում, որ պետական, ազգային արժեքներն են գերակա, նա ասում է մի բան, որ գերակա են թավշյա հեղափոխության արժեքները և երկու տարի ունեին այդ կառույցները դիրքավորվելու այդ արժեքների շրջանակում: Ստացվում է, որ ուժային կառույցները պետք է դիրքավորվեին իր հետ կապված արժեքների շրջանակում, այսինքն՝ այդ փոփոխությունները ոչ թե պետական շահի, այլ վարչապետին նվիրված անձանց բերելու համար էին»,-նշեց Արա Հակոբյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: