Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրաժարական է տվել. նրան կփոխարինի իշխող կուսակցության նորընտիր ղեկավարը

04:44 • 16.09.20

Ճապոնիայի խորհրդարանն այսօր՝ սեպտեմբերի 16-ին գումարվելիք արտահերթ նիստում երկրի վարչապետի պաշտոնում կընտրի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նորընտիր ղեկավար Եսիխիդե Սուգային, քանի որ Սինջո Աբեն այդ պաշտոնից հրաժարական է տվել:

Ինչպես հայտնում է ТАСС-ը, վարչապետ ընտրվելուց հետո կհայտարարվի կառավարության նոր կազմը: Ճապոնիայի սահմանադրության համաձայն՝ կայսրն այնուհետև վարչապետի առաջարկությամբ պետք է հաստատի նախարարների նշանակումը: Երեկոյան արդեն նոր վարչապետը մամուլի ասուլիսով հանդես կգա:

Սինձո Աբեն ավելի վաղ հայտարարել էր, որ հեռանալու որոշում է կայացրել առողջական վիճակի վատթարացման պատճառով:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մի քանի օրվա մեջ երկրորդ անգամ դիմել էր բժիշկների օգնությանը, ինչը նրա առողջական վիճակի վերաբերյալ անհանգստության տեղիք էր տվել:

Ճապոնական Nippon TV հեռուստաընկերությունը հայտնել էր, որ չնայած Աբեի հայտարարությանը, թե նա հիվանդանոցում է եղել հետազոտվելու նպատակով, իրականում նա այնտեղ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ քրոնիկական հիվանդության դեմ բուժում է ստանում։

Ճապոնիայի վարչապետը նախկինում հրապարակավ խոստովանել է, որ քրոնիկական հիվանդություն ունի, նույնիսկ հրաժարական է տվել 2007 թվականին՝ իր առաջին պաշտոնավարման ժամկետի ընթացքում, երբ առողջական վիճակի հետ կապված խնդիրների պատճառով չի կարողացել ղեկավարել երկիրը։ Նա կրկին քաղաքական ասպարեզ է վերադարձել 2012-ին։

Նշենք, որ նրա հայրը՝ Սինտարո Աբեն, եղել է Ճապոնիայի ԱԳ նախարարը, պապը՝ Նոբուսուկե Կիսին՝ երկրի վարչապետ: