Թրամփը հերքել է նախկին մոդելի նկատմամբ սեռական ոտնձգության մասին մեղադրանքները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է 1997 թվականին Նյու Յորքում նախկին մոդել Էմի Դորիսի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մասին մեղադրանքները, գրում է BBC-ն։
Թրամփի փաստաբանները ամերիկացի նախկին մոդելի մեղադրանքները որակել են «ընտրություններից առաջ կազմակերպված հարձակում»։
Թրամփի քարոզարշավի իրավախորհրդատու Ջենա Էլիսը CBS News-ին ասել է, որ «այդ մեղադրանքները միանգամայն կեղծ են»։
«Մենք գործի կդնենք առկա բոլոր իրավաբանական միջոցները, որպեսզի Guardian-ին պատասխանատվության ենթարկենք այս անհիմն պատմությունը հրապարակելու համար»,- ասել է նա:
Սպիտակ տան ղեկավարի փաստաբանները նաև նշել են, որ «նոյեմբերյան ընտրությունների նախաշեմին արված մեղադրանքը կարող է քաղաքական դրդապատճառներ ունենալ»:
Ավելի վաղ The Guardian-ին տված հարցազրույցում նախկին մոդել Էմի Դորիսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել էր սեռական ոտնձգության համար՝ պատմելով, որ միջադեպը տեղի է ունեցել 1997 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ԱՄՆ թենիսի բաց առաջնության ժամանակ, երբ ինքը 24 տարեկան էր։
Նրա խոսքով՝ Թրամփը մտել է իր VIP համարի զուգարանը, մոտեցել մոդելին և ուժով փորձել համբուրել։
«Ես նրա գրկում էի և չէի կարողանում դուրս պրծնել։ Չգիտեմ, թե դա այլ կերպ ինչ են անվանում, երբ ինչ-որ մեկն իր լեզուն ուժով հրում է մյուսի կոկորդը։ Ես իմ ատամներով թույլ չէր տալիս, դիմադրում էի և կարծում եմ՝ պետք է որ վնասած լինեի նրա լեզուն»,- ասել է Դորիսը։










