«Մի՛ տրվեք սադրանքներին». ջերմուկցիները Ամուլսարի շահագործման դեմ ակցիա արեցին Ջերմուկի քաղաքապետարանի դիմաց, պայմանավորվեցին վաղը ևս հավաքվել (տեսանյութ)
«Լիդիան Արմենիան» չի կարողանում հանքահենությամբ զբաղվել, դրա համար անցել է ակտիվ սադրանքների, որ մեզ քաշեն կռիվների մեջ ու հիմքեր ստեղծեն՝ Ամուլսարի մուտքերը բացելու: Այս մասին Ջերմուկի համայնքապետարանի մոտից ֆեսյբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Ամուլսարի համար պայքարող ակտիվիստներից Շիրակ Բունիաթյանը:
Շիրակ Բունիաթյանը կոչով դիմեց ոստիկանությանը. «Մենք չենք ուզում կասկածի տակ դնել ձեր գործողությունների անաչառությունը, բայց Ամուլսարի այս պայքարի ընթացքում հաճախ ենք բխվել մեր նկատմամբ խտրական վերաբերմունքի: Չգիտես՝ ինչու ամեն անգամ դուրս է գալիս, որ Ամուլսարի համար պայքարող մարդկանց ուրիշ հոդված չի հասնում, ում տանում են, խուլիգանության հոդվածով են տանում, մի տեսակ վիրավորական էլ է»,- ասաց նա:
Նա նշեց նաև, որ այնտեղ են եկել՝ կոչ անելու համայնքապետին, որ նա էլ ակտիվ լինի: «Այս պահին ունենք բերման ենթարկվածներ, բայց չունենք համայքնապետի կողմից արձագանք»,- ասաց նա: Ըստ Բունիաթյանի՝ ձերբակալված քաղաքացիները բոլորն էլ Ջերմուկում հարգված մարդիկ են, որոնք աչքի չեն ընկել որևէ խուլիգանությամբ:
«Ես առաջարկում եմ սպասել մինչև վաղը որոշում կայացվի կալանավորման հետ կապված, նոր մենք հասկանանք մեր գործողությունները»,- ասաց նա: Նրա խոսքով՝ Ամուլսարի համար պայքարողները պետք է հավաքներին ընտանիքով գան, ոչ թե միայնակ, ըստ նրա, այդպես ավելի սառը կդատեն ու սադրանքների չեն տրվի:
Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Գնդեվազի բնակիչներին ակտիվիստների կողմից սեպտեմբերի 15-ին ծեծելու միջադեպի համար երեք անձ է ձերբակալվել խուլիգանության կասկածանքով:










