«Եթե արկերը շարունակեն ընկել Իրանի տարածքում, ավելի լուրջ քայլեր կձեռնարկենք». Իրանի պաշտպանության նախարարը դիմել է ԼՂ հակամարտող կողմերին

18:26 • 06.10.20

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմող կողմերին զգուշացրել է, որ կտրուկ քայլեր է ձեռնարկելու, եթե հրետակոծության ժամանակ արձակվող արկերը կրկին հայտնվեն Իրանի տարածքում, գրում է tasnimnews.com կայքը: 

Լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում գեներալը նշել է, որ Իրանի զինված ուժերի համար երկրի սահմանային անվտանգությունը կարևորագույն նշանակություն ունի և հավելել, որ Հայաստանին ու Ադրբեջանին արդեն այս առնչությամբ «լուրջ զգուշացումներ» են տրվել:

«Իրանի քաղաքացիների կյանքը և սուրբ հողի անվտանգությունը կենսական ու կարևոր հարցեր են, ուստի՝ անզգուշության հետևանքով փամփուշտների՝ մեր տարածքում հայտնվելն անթույլատրելի է»,- ընդգծել է Հաթամինը և սպառնացել միջադեպերի կրկնվելու դեպքում «առավել լայն միջոցներ» ձեռնարկել: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, սեպտեմբերի 28-ին երկու ադրբեջանական հրթիռներ ընկել են Իրանի տարածքում, մասնավորապես՝  Արևելյան Ադրբեջան նահանգի Խոդաֆերին գավառի շրջանում: Դրա հետևանքով վիրավորում է ստացել վեցամյա երեխա: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 251 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։