«Կարո Փայլանը միայնակ չէ»․ ԼՂ հակամարտությունում խաղաղության կոչ անելու համար թիրախավորվելուց հետո հարյուրավոր թուրքեր համերաշխություն են հայտնել հայազգի պատգամավորին
Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բախումների ֆոնին խաղաղության կոչ անելու համար թուրքական Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի թիրախում հայտնվելուց հետո, հարյուրավոր թուրքեր իրենց աջակցությունն են հայտնել երկրի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանին, գրում է թուրքական Bianet թերթը։
Նշվում է, որ Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնն ավելի վաղ թերթերում հայտարարություն է հրապարակել Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող բախումների վերաբերյալ և թիրախավորել խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին՝ նրան մեղադրելով «պետական դավաճանության» համար։
Նրանց հայտարարությունից հետո Փայլանին աջակցություն և համերաշխություն արտահայտող համատեղ հայտարարություն են ստորագրել հարյուրավոր մարդիկ։
Նշելով, որ Փայլանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ իր արտահայտությունների կապակցությամբ ատելության թիրախ է դարձել, հայտարարությունը ստորագրողներն ընդգծել են, որ նպատակաուղղված ազդեցության նման ակտերն արդեն մի քանի անգամ հանգեցրել են աղետների:
Ստորագրելով համատեղ հայտարարությունը՝ հարյուրավոր մարդիկ, մեծամասամբ՝ թուրքեր, հայտարարել են․ «Կարո Փայլանն իր կարծիքն արտահայտելու համար ատելության խոսքի թիրախ է դարձել և ներկայացվել որպես թշնամի։ Մենք արդեն բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպիսի հսկայական աղետների և ավերածությունների են հանգեցրել նպատակաուղղված հարձակման նման գործողությունները։ Այդ իսկ պատճառով մենք միասին ընդգծում ենք՝ Կարո Փայլանը միայնակ չէ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փայլանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «անտեսելով ամբողջ աշխարհից հրադադարի կոչերը՝ Թուրքիայի կառավարությունը զբաղվում է ռազմական քարոզչությամբ՝ բացահայտ աջակցելով ռազմական հակամարտությանը»։
«Թուրքիայի կողմից ստորագրված ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 20-րդ հոդվածն ասում է, որ «պատերազմի ցանկացած քարոզչություն պետք է արգելվի օրենքով»,- գրել էր Փայլանը՝ նշելով, որ Թուրքիայի իշխանությունները փաստացի իրականացնում են ռազմական քարոզչության հանցագործություն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 251 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն










