Ադրբեջանն իր զինվորների դիակները վերցնելու ժամանակ էլ դիմում է սադրանքների, ուստի այսուհետև դա թույլ է տրվելու միայն Կարմիր խաչի ներկայացուցիչների մասնակցությամբ. Ա. Հովհաննիսյան (տեսանյութ)

21:00 • 10.10.20

Մինչև հրադադարի հայտարարումը երեկ ողջ գիշեր և մինչև հրադադարը մարտերը նույն կերպ ընթացել են, հատկապես թեժ էր հարավային ուղղությունը: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական հարթակում հրավիրված մամուլի սուլիսին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ընդհանուր առմամբ, հակառակորդը նույն գործողությունն էր ուզում իրականացնել, իր առաջխաղացումն ապահովեր, որը կասեցվում էր հայկական զինուժի կողմից: Մարտերի ընթացքում հակառակորդը երեկվա և կեսօրվա դրությամբ տվել է մոտ 200 զոհ, 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա, և մանր այլ միջոցներ»,- տեղեկացրեց նա։

Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ հրադադարի հայտարարելուց ժամեր առաջ հակառակորդի գործողություններն ավելի սաստկացել են, բայց Արցախի զինուժը հետ է մղել բոլոր առաջխաղացումները, այս պահի դրությամբ հիմնականում հրադադարը պահպանվում է, ինչպես հայտարարվել է ժամը 12:00-ից, թեև առանձին տեղերում սադրանքներ եղել են և հայկական կողմից այդ սադրանքներին պատասխան տրվել է:

«Մասնավորապես, մինչև հրադադար հայտարարելը Ադրբեջանի զինուժի հետախուզադիվերսիոն ստորաբաժանումներից փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք և այդ ընթացքում, հրադադարից հետո մեր կողմից այդ խմբերը չեզոքացվել են, ընթացել են ոչ մեծ մասշտաբային մարտեր: Այս մասին Պաշտպանության բանակը լրացուցիչ հայտարարեց և հստակ նշվեց, որ սադրանքը կատարվել է մինչև հրադադարն այն հաշվարկով, որ հրադադարը հայտարարելուց հետո որպես փաստ արդեն արձանագրված լինի»,- հայտնեց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հրադադարից հետո ՊԲ տեղամասերից մեկում հակառակորդին թույլ է տրվել, որ մոտենա և վերցնի իր մի քանի դիերը, սակայն դրանից հետո այդ գործընթացը դադարեցվել է, որովհետև նման դեպքերը դեռևս օգտագործվում են սադրանքներ անելու համար։ «Դրա համար պաշտոնապես հայտարարում ենք՝ հետայսու դա թույլ է տրվելու միայն կարմիր խաչի ներկայացուցիչների պարագայում»,– շեշտեց նա:


Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ այս պահին Հադրութում չեզոքացվում են և գրեթե ավարտված է դիվերսիոն խմբերի ոչնչացումը:

Ի պատասխան հարցի, թե ինչ վիճակ է Սյունիքում, նա տեղեկացրեց, որ Սյունիքում էլ է հանգիստ վիճակ, որևէ մարտական գործողություն չկա:

Մանրամասները՝ տեսանյութում։