Այսօր Հադրութում թշնամու դիվերսիոն ներթափանցման ուժերի դեմ պայքարի ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցի, որ մեր տղաների մարտական ոգին հզոր է. ԱՀ նախագահ

21:22 • 10.10.20

Այսօր Հադրութում թշնամու դիվերսիոն ներթափանցման ուժերի դեմ պայքարի ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցի, որ մեր տղաների մարտական ոգին հզոր է: Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահը:

«Նրանց խաղաղ ու սթափ հայացքները հաղթանակի վստահ տրամադրությունն են արտահայտում թշնամու հրոսակախմբերի դեմ պայքարում: Ի դեպ, տեղում պատահաբար հանդիպեցի նաև արցախյան առաջին պատերազմի մեր լեգենդար հրամանատարներից Առուշան Բադասյանին, ով պատերազմի լուրն առնելուն պես Միացյալ նահանգներից շտապել է Արցախ:Մենք մեր հողի համար ենք կանգնում, իսկ այդ ընթացքն անկասելի է: Փա՛ռք հայ ժողովրդին, որ հավերժ պետք է ապրի ու արարի իր հայրենի հողում»,-գրել է Հարությունյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4569 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։