Եթե թշնամին հարձակվում է, մեր բանակը կատարում է համապատասխան գործողությունները. Վահրամ Բալայանը՝ հակառակորդի կողմից հումանիտար հրադադարի խախտման մասին

13:48 • 10.10.20

Այնպես չէ, որ Ադրբեջանը պահում է համաձայնությունները. նա փորձում է հնարավորինս նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել և թելադրողի կողմից հանդես գալ, դրա համար անընդհատ հարձակողական գործողություններ է իրականացնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցմանն ու հակառակորդի կողմից հրադադարի խախտմանը:

«Եթե հարձակվում են, մեր բանակը կատարում է  համապատասխան գործողությունները, մինչև միջնորդական առաքելություն իրականացնող երկրները, տվյալ դեպքում՝ ՌԴ-ն նորից որոշակի միջամտություն իրականցնի և արտգործնախարարների միջև ձեռք բերված համաձայնությունն իրականություն դառնա»,-ասաց նա՝ ընդգծելով, որ թեև հումանիտար հրադադար է, սակայն ռազմական գործողություններն ամեն պահի կարող են վերսկսվել, և պետք է պատրաստ լինել դրանց:

«Մեր հակառակորդն օձ է, որը միշտ պատրաստ է խայթել: Չես կարող վստահ լինել, թե այս պահին անցնելու ենք հրադարադի, նստելու ենք խոսելու: Ոչ միայն այս երեսուն տարիների, այլև նախորդ տարիների պատմությունը միշտ էլ ցույց է տվել, որ անընդհատ այդ թույնը փորձում են թափել մեր ժողովրդի վրա: Սա մեզ համար հայրենական պատերազմ է, և համախմբվածությամբ, միասնությամբ կարող ենք հաջողություն արձանագրել»,-ասաց նա՝ նշելով, թե Արցախյան առաջին պատերազմից սկսած նման համաձայնություններ միշտ եղել են, և ադրբեջանական կողմը միշտ փորձել է խախտել պայմանավորվածությունները:

Ըստ Բալայանի՝ դժվար է ասել՝ հումանիտար հրադադարը որքան կտևի: «Իմ կարծիքով՝ եթե հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հարցը կոշտ դնեն, դժվար թե Թուրքիան, էլ չեմ խոսում Ադրբեջանի մասին, կարող է դիմակայել ՌԴ-ին, ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային: Հարցը կոշտ դնելու պարագայում, կարծում եմ, արդյունք կլինի: Այնպես չէ, որ նրանք ի վիճակի են անտեսել բոլորին: Երկրորդ հանգամանքը, իհարկե, ռազմաճակատում պինդ կանգնելն է, որ թշնամին հասկանա՝ ռազմական գործողությունները իսկապես ճանապարհ չեն, որ իր կորուստները բազմակի շատ են, և զենքի ուժով անհնար է ծնկի բերել իր ազատության համար պայքարող ժողովրդին»,-ասաց Բալայանը:

Նրա խոսքով՝ ամեն պատերազմ վերջ է ունենում, և ինչ-որ տեղ միգուցե բնական է, որ նման համաձայնության գալիս են նույնիսկ իրարամերժ, հակառակորդ կողմերը: «Խնդիրն այն է, որ այդ հրադադարի հաստատումը պետք է իսկապես կայուն լինի և փորձ արվի այն զարգացնել բանակցությունների սեղանի շուրջ»,-ասաց նա՝ նշելով, թե ադրբեջանական ժողովրդի համար հարցի՝ ոչ ռազմական ճանապարհով լուծումը շատ ավելի շահեկան կլինի:

«Այս պատերազմական գործողությունները ցույց տվեցին, որ մեր զորքն ի վիճակի է եղած զինատեսակներով թիրախային հարվածներ հասցնել թե՛ Ադրբեջանի ենթակառուցվածքներին, թե՛ ռազմական օբյեկտներին: «Թշնամին դա ընկալեց. ի վերջո նրանք միլիոնավոր դոլարներով վնաս են կրում, մարդկային կորուստներ են ունենում: Տեսանելի է նաև ադրբեջանական ժողովրդի դժգոհությունը իշխանություններից, որովհետև, եթե հայ ժողովուրդը պայքարում է իր ազատ ապրելու իրավունքը իր հայրենիքում իրացնելու համար, նրանք պարզապես նպատակ ունեն հող նվաճել»,-ասաց նա՝ տեսակետ հայտնելով, թե հակառակորդի գիտակից հատվածն այդ ամենն ընկալում է և ուզում է, որ խաղաղ բանակցային գործընթացով խնդրին լուծում տրվի:

Վահրամ Բալայանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ կոնֆլիկտն արդեն հայ-ադրբեջանական չէ, այն դուրս է եկել դրա սահմաններից: «Թուրքիայի ամենագործուն մասնակցությունն ակնհայտ է: Վերջինս անընդհատ ֆոն է ստեղծում՝ գործողությունների մեջ առավել ակտիվ ներքաշվելու համար. սա այն հիմնական առանձնահատկությունն է, որ այժմ առկա է՝ ի տարբերություն, օրինակ, առաջին պատերազմի, Ապրիլյան պատերազմի: Երկրորդ հանգամանքը, որն ավելի վտանգավոր է, ահաբեկչական ուժերի ներգրավումն է այս հակամարտությանը: Դրա մասին արդեն աշխարհն է խոսում»,-ասաց ԱՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվել էր կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար`Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարեց, որ անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ, Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։