Այն, որ մինչև հրադադարի ժամը շարունակվում են ռմբակոծությունները, հավելյալ ճնշումներ են Հայաստանի և Արցախի վրա. Ստեփան Դանիելյան

14:16 • 10.10.20

Սա դեռ պատերազմի ավարտ չէ, ըստ պաշտոնական հայտարարությունների, սա ժամանակավոր հրադադար է: Մինչ այդ Ադրբեջանը փորձում է շարունակել իր ճնշումները հետագա բանակցություններում ինչ-որ դիվիդենտներ ստանալու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցմանն ու հակառակորդի կողմից հրադադարի խախտմանը:

«Այն, որ մինչև ժամը 12-ը շարունակվում են ռմբակոծությունները, հավելյալ ճնշումներ են Հայաստանի և Արցախի վրա: Ադրբեջանի խնդիրն է, որ լինեն իրենց ասած այդ բովանդակային բանակցությունները, այսինքն, նրանք  կոնկրետ տարածքային զիջումների են սպասում: Այդ քայլերով,  հավանաբար, ուզում են ասել, որ եթե հաջորդ փուլում տարածքների զիջումներ չլինեն, արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում պատերազմ կսկսի, համենայնդեպս, այդ տպավորությունն է ստեղծվում»,- նշեց քաղաքագետը:

Ստեփան Դանիելյանը նշեց, որ այս պատերազմը Ադրբեջանը և Թուրքիան սկսել են կոնկրետ խնդիրներ լուծելու համար և բնականաբար սա ժամանակավոր հրադադար է, կարող են նորից շարունակվել բանակցությունները և ինչ-որ ընթացքում հնարավոր է նորից ռազմական գործողությունների դիմեն:

Դիտարկմանը, թե սփյուռքի դերը որքանո՞վ կարող է ազդեցություն ունենալ Արցախի անկախության ճանաչման գործընթացում, Ստեփան Դանիելյանը նշեց, որ սփյուռքի դերակատարումը կարող է լինել որպես բարոյական և ֆինանսական աջակցություն, սակայն չի կարծում, որ Արցախի անկախության հետ կապված սփյուռքը կարող է դեր ունենալ:

Հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք հատկապես պատերազմի վերջին օրերին հնչած միջազգային արձագանքը և կարո՞ղ է այն զսպող դեր ունենալ հակառակորդի վրա, քաղաքագետը պատասխանեց, որ կան գլխավոր երկրներ, որոնք ունեն իրենց շահերը և նպատակները և միջազգային ինչ արձագանք էլ լինի, այդ երկրներն իրենց շահերով են առաջնորդվելու. «Կարևոր է ոչ թե այն՝ ինչպիսի՞ միջազգային արձագանք և տեսակետ կա, կարևոր է կենտրոնանալ, թե այդ երկրները ինչ քաղաքականություն և ինչ շահեր ունեն: Հասկանալի է նաև Թուրքիայի նշանակությունը և դրա վտանգները Ռուսաստանի, Իրանի համար, եթե Թուրքիան տարածաշրջան է մտնում, այս կոնտեքստում կարող ենք տեսնել, թե Արցախի նկատմամբ ինչ քաղաքականություն են վարում և ում հետ սերտացնել հարաբերությունները, ում հետ կոշտ լինել, դա արդեն պետական քաղաքականություն է»: