Նյու Յորքում հանրահավաք է ընթացել. մասնակիցները կոչ են արել ամերիկյան մամուլին ճշմարտությունը հաղորդել Արցախում թուրք-ադրբեջանական հարձակման մասին

21:15 • 10.10.20

ԱՄՆ-ում Նյու Յորքի հայ համայնքը հանրահավաք է կազմակերպել քաղաքի մետրոյի հարևանությամբ՝ իր բողոքի ձայնը բարձրացնելով Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ոչ ճիշտ լուսաբանող լրատվամիջոցների, մասնավորապես՝ NBC հեռուստաալիքի դեմ:

«Ճշմարտության երթը» ուղիղ միացմամբ ներկայացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը:

Հավաքի մասնակիցները պահանջում են ամերիկյան մամուլից ճիշտը հայտնել Թուրքիայի ներգրավվածության և ադրբեջանական ագրեսիայի մասին: «Երկու շաբաթ է, ինչ Արցախի բնակչությունը հարձակման է ենթարկվում: Երկու շաբաթ է, ինչ Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, ջիհադական վարձկանների է ուղարկում Արցախի դեմ կռվելու համար»,- ասում է մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 ավտոտեխնիկա, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4569 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։


Ակցիային կարող եք ուղիղ հեռարձակմամբ հետևել այստեղ։