«Ադրբեջանա-թուրքական տանդեմը գլխացավանք է դարձել միջազգային հանրության համար». Независимая газета
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հայկական կողմի գլխավոր անհանգստությունն այդ իրադարձություններին Թուրքիայի ակտիվ մասնակցությունն է: Եվ խոսքը ոչ միայն այն մասին է, որ զորավարժություններից հետո Անկարան Ադրբեջանի տարածքում էր թողել ամբողջ տեխնիկան, սպառազինությունը և զինծառայողներին, այլև պետության առաջին դեմքերի հայտարարությունների առ այն, որ իրենք մինչև Բաքվի ամբողջական հաղթանակը կշարունակեն համապարփակ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, ներառյալ՝ ռազմական: Նրանք կարծում են, որ հայերը պետք է անհապաղ լքեն ԼՂ-ն: Հայերն, իհարկե, դրա հետ համաձայնվել չեն կարող: Նրանք տեղ չունեն գնալու: Հայերը իրավունք ունեն պաշտպանել այն հողերը, որտեղ ապրել են իրենց նախնիները և այժմ ապրում են իրենք: Այս մասին գրում է Независимая газета-ն:
Տեղացի դիտորդները կարծում են, որ եթե Թուրքիային հաջողվի վերջնականապես ամրապնդվել Հարավային Կովկասում, ապա դա մեծ խնդիրներ կառաջացնի Ռուսաստանի համար: Փաստացի նա ստիպված կլինի եթե չհեռանալ տարածաշրջանից, ապա էապես «մի կողմ քաշվել»:
«Ադրբեջանա-թուրքական տանդեմը գլխացավանք է դարձել միջազգային հանրության համար: Նույնիսկ կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները վերսկսելու և հրադադարի կոչ անելով՝ բոլոր պետությունները և միջազգային հեղինակավոր կառույցները չեն կարող հստակ չգիտակցել՝ ով է հրահրել նոր պատերազմը: Եվ եթե Ադրբեջանը, ի դեմս նախագահ Իլհամ Ալիևի, դեռ փորձում է ինչ-որ կերպ դա թաքցնել, ապա պաշտոնական Անկարան վաղուց առանց դիմակի է. Թուրքիայում հայտարարում են, որ հայերը պետք է հեռանան Ղարաբաղից: Մինչդեռ ադրբեջանական բանակի գործողությունների ընթացքում անմիջական հարձակումների է ենթարկվել նաև հենց Հայաստանի տարածքը: Սակայն Հայաստանը դեռ չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը՝ հույս ունենալով իր ուժերով հաղթահարել խնդիրը:
Եվ այն հարցին՝ ինչու Հայաստանը դեռ չի դիմել, կա պարզ պատասխան. ՀԱՊԿ հավաքական անվտանգության մասին կանոնադրության պարբերությունը տարածվում է բացառապես Հայաստանի միջազգայնորեն ընդունված տարածքի վրա, և Հայաստանի իշխանությունները նախ պետք է դիմեն կազմակերպությանը նախքան այնտեղից օգնություն ստանալը: Այսպիսով, քանի դեռ ռազմաճակատը չի ընդլայնվել մինչև հայ-ադրբեջանական սահման, ՀԱՊԿ-ի արձագանքին կամ այդ կազմակերպությանը օգնության համար դիմելուն սպասել պետք չէ»,-եզրափակում է պարբերականը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվել է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար`Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։










